USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում

24.02.2017, 14:25
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար, հայտնում է ընկերության հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար, հայտնում է ընկերության հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Intune for Education-ը դասարանում համակարգչային սարքերի կառավարման ամպային նոր հավելված է, որ ստեղծված է արդեն համբավ վայելող Microsoft Intune հավելվածի հիման վրա։

Intune for Education-ը հեշտությամբ ինտեգրվում է Microsoft-ի ամպային այլ ծառայություններին։

Օրինակ, ինտեգրվելով School Data Sync ծառայությանը՝ Intune for Education-ը ավտոմատ կերպով ստեղծում է խմբեր՝ հիմնվելով դպրոցական գրանցամատյաններում գրանցված աշակերտների տվյալների վրա։

Դպրոցի IT ադմինիստրատորները կարող են առանց լրացուցիչ ջանքերի հավելվածներ տեղադրել և կարգավորումներ կատարել Intune for Education-ի ցանցում առկա սարքավորումների վրա՝ դրանք ակտիվացնելով բոլոր կամ որոշ աշակերտների, ուսուցիչների, դասարանների կամ բաժինների համար։

Գրանցամատյանում կատարված ցանկացած փոփոխություն ավտոմատ կերպով արտացոլվում է Intune for Education-ի խմբերում: Օրինակ, եթե դպրոցական գրանցամատյանում աշակերտի դասացանկին ավելացնեն որոշակի առարկա, ապա տվյալ աշակերտն ավտոմատ կերպով կավելացվի Intune for Education-ի այդ առարկային նվիրված համապատասխան խմբում և կստանա խմբի մյուս անդամներին հասանելի հավելվածների մուտքի իրավունք:

«Տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում պարտադիր նախապայման է հանդիսանում կրթական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար։ Հայաստանի կրթական ոլորտը բացառություն չէ։ Մեր հանրապետության շատ դպրոցներ արդեն իսկ ակտիվորեն օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաները` համակարգչային սարքավորումների և կրթական էլեկտրոնային լուծումների տեսքով։ Microsoft ընկերության համար չափազանց կարևոր է իր ներդրումն ունենալ կրթական ոլորտում: Մեր ընկերության կողմից առաջարկվող կրթական ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում աշակերտներին զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները և ձեռք բերել վերլուծական հմտություններ, գիտելիքներ և փորձ, որոնք օգտակար կլինեն մեր երեխաների հետագա մասնագիտական գործունեության համար։ Intune for Education հավելվածը թույլ կտա դպրոցների IT ադմինիստրատորներին հեշտությամբ կառավարել ցանցում առկա սարքերը, թարմացնել դրանց վրա տեղադրված ծրագրերը և նոր հավելվածներ տեղադրել՝ յուրաքանչյուր սարքի վրա փոփոխությունների կատարելու փոխարեն։ Կարծում եմ, ծրագիրը զգալիորեն կհեշտացնի IT ադմինիստրատորների աշխատանքն այս առումով։», — նշում է Microsoft Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

Դպրոցների այն IT ադմինիստրատորները կամ ուսուցիչները, որոնք ունեն Office 365 for Education հաշիվ, կարող են ավտոմատ կերպով մուտք գործել Intune for Education հավելված, որը կապակցված է էլեկտրոնային փոստի հասցեին:

Intune for Education-ի ցուցադրական տարբերակը հասանելի կլինի մոտակա շաբաթների ընթացքում, իսկ հավելվածը մասսայական վաճառքի կհանվի այս գարնանը։

«Microsoft-ը զգալի ռեսուրսներ է ներդնում կրթական ոլորտի ծրագրային ապահովման զարգացման մեջ՝ նպատակ ունենալով կրթական գործընթացն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնել թե ուսուցիչների, և թե աշակերտների համար։ Ընկերությունը մշակել է այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են, օրինակ, Windows Ink-ը , որը թույլ է տալիս աշակերտներին հատուկ էլեկտրոնային գրիչներով գրել իրենց Windows 10 սարքավորումների վրա այնպես, ինչպես թղթի վրա»,– ասվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, Office 365 for Education ծրագրերի փաթեթը ներառում է OneNote հավելվածը, որի միջոցով աշակերտները և ուսուցիչները ստանում են ստեղծագործելու, խմբագրելու, համօգտագործելու, ինչպես նաև առաջընթացը գնահատելու հնարավորություն։ -0-