Մեքսիկայի հնդկացիները բջջային կապի իրենց սեփական ցանցն են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օախակա մեքսիկական նահանգի Տալեա ոչ մեծ հնդկացիական գյուղի բնակիչները բջջային կապի իրենց սեփական ցանցն են ստեղծել, որը թույլ է տալիս նրանց կապի մեջ լինել երկրի մյուս շրջաններում գտնվող բարեկամների հետ և շփվել միմյանց հետ, գրում է digit.ru-ն` հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Նման քայլի նրանք որոշել են դիմել ոչ լավ կյանքից. բջջային կապի խոշոր օպերատորները պարզապես հրաժարվել են ծառայություններ մատուցել այդ բնակավայրում`համարելով տնտեսապես անշահավետ:
Այդ ժամանակ բնակիչները բջջային կապի սեփական կայանն են ստեղծել` դրա օգտագործման դիմաց յուրաքանչյուր համագյուղացուց ամսական ընդամենը 15 պեսո (1,2 դոլար) գանձելով: Գաղափարը տեղական զանգեր կատարելու համար ռադիոալիքի մի մասի օգտագործումն է, իսկ միջքաղաքային և նույնիսկ միջազգային կապի համար համացանց են ձեռք բերել: Տալեայի շատ երիտասարդ բնակիչներ ավելի լավ կյանքի որոնումներով ուղևորվել են Մեքսիկայի այլ քաղաքներ և նույնիսկ ԱՄՆ, այդ պատճառով զանգերի տվյալ տեսակը պահանջված է:
Տալեային սեփական հեռախոսացանցը ստեղծելու հարցում օգնել է այն ընկերությունը, որն առաջ է մղում երկրի ամենաաղքատ շրջանները ցածր գնով բջջային կապով ապահովելու գաղափարը, իսկ սարքավորումը տրամադրվել է մի ամերիկյան ընկերության կողմից: Այժմ Տալեա գյուղի ցանցը թույլտվություն է ստացել Մեքսիկայի հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովի կողմից երկու տարվա ընթացքում սարքավորումը փորձելու համար: -0-