MegaFon-ի հետ համագործակցության արդյունքում Orange Արմենիայի բաժանորդները ռոումինգից կօգտվեն նոր սակագնով
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Orange Արմենիան` Ֆրանս Տելեկոմի հայաստանյան մասնաճյուղը, և MegaFon-ը` շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարեցին ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես տեղեկացնում են Orange Արմենիա ընկերության մամուլի ծառայությունից, այս նոր համագործակցության շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռոումինգի համար նախկինում երբևէ չառաջարկված սակագներից: Մասնավորապես, միանալով MegaFon-ի ցանցին` Orange Արմենիայի բաժանորդները կզանգեն Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին և զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե սակագնով:
«Orange-ը հզոր միջազգային ընկերություն է, և մենք հետևողական ենք մեր բաժանորդներին առաջարկել լավագույն պայմանները ոչ միայն Հայաստանում, այն նաև ռոմինգի համար, հատկապես այն երկրներում, ուր նրանք հաճախ են լինում: Ռուսաստանը հայաստանիցների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և մենք երջանիկ ենք այսօր առաջարկել ռոմինգի մի սակագին, որն անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում ցանցից դուրս զանգերի միջին սակագինը: Բազմաթիվ հայաստանցիներ, գնալով Ռուսաստան, ձեռք են բերում տեղական օպերատորներից որևէ մեկի SIM քարտը, որը սովորաբար շատ կարճ կյանք է ունենում: Այսուհետ մեր բաժանորդները դրա կարիքը չեն ունենա և Ռուսաստանում իրենց Orange համարով կզգան համարյա ինչպես տանը: Սրանով MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Օպերատորների ռոմինգային քաղաքականության հաջողության հիմնական գործոնը արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ գործընկերային հարաբերություններն են, որոնք մեզ թույլ կտան բաժանորդներին առաջարկել ցածր սակագներ արտերկրում շարժական հեռախոսակապից օգտվելու համար: Ուրախ եմ նշել այս հերթական ձեռքբերումը` Orange Արմենիայի հետ շահավետ համագործակցության սկիզբը»,- այս առթիվ ասել է MegaFon-ի ֆեդերալ և միջազգային կորպորատիվ վաճառքների գծով փոխտնօրեն Կոնստանտին Սոլոդուխինը:
MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունենալու են այլ առավելություններ ևս. այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: Orange Արմենիայի բաժանորդները նաև կունենան սակագին ռոումինգում GPRS-ից օգտվելու համար` 90 դրամ/ՄԲ:
Ռոումինգի սակագները գործելու են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:
2011թ. վերջին Orange Արմենիան ուներ 600,000 ակտիվ բաժանորդ` ներառյալ 70,000 շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդները:--0-