Մարվել է «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային նվիրված նամականիշ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային, հայտնում է «ՀայՓոստ» մամուլի ծառայությունը։
Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նամականիշն ունի 100 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել: -0-