USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Hitachi–ի նախկին ղեկավարը «Հայաստանը որպես նորարարական երկիր» վերնագրով գիրք կհրատարակի

18.04.2015, 16:57
Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto) առաջիկայում «Հայաստանը որպես նորարարական երկիր» վերնագրով գիրք կհրատարակի, շաբաթ օրը լրագրողներին  հայտնել է Viasphere International ընկերության ղեկավար, ՏՏ ոլորտում նախագահական մրցանակի նախաձեռնողներից Թոնի Մորոյանը։
Hitachi–ի նախկին ղեկավարը «Հայաստանը որպես նորարարական երկիր» վերնագրով գիրք կհրատարակի

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto) առաջիկայում «Հայաստանը որպես նորարարական երկիր» վերնագրով գիրք կհրատարակի, շաբաթ օրը լրագրողներին  հայտնել է Viasphere International ընկերության ղեկավար, ՏՏ ոլորտում նախագահական մրցանակի նախաձեռնողներից Թոնի Մորոյանը։

2013 թվականին ճապոնացի Ցուգիո Մակիմոտոն դարձել է Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։

Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Հայաստանով հիացած Մակիմոտոյի գիրքը շուտով կհրատարակվի ճապոներեն լեզվով։

«Ենթադրվում է, որ շնորհանդեսից հետո Ճապոնիայում հնարավորություն կլինի թարգմանել գիրքը հայերեն և անգլերեն լեզուներով, շնորհանդես կազմակերպել Հայաստանում, ինչով էլ կզբաղվենք»,– նշեց Մուսայելյանը։

Ըստ նրա` Մակիմոտոն բոլոր ջանքերը գործադրում է, որ Ճապոնիայում հնարավորինս շատ իմանան Հայաստանի մասին, այդ պատճառով էլ իր գրքում կփոխանցի հենց երկրի մասին ունեցած իր տպավորությունները։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնադրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թ.–ի հուլիսի 6–ի հրամանով` այս ոլորտի զարգացումը խթանելու նպատակով։ Այն յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի:  Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (Creig Barret),, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը` «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012)։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակի է արժանացել Electronic Devices Group ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto)։

Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան դարձել է Հայաստանի նախագահի Global IT Award ամենամյա մրցանակի դափնեկիր 2014 թվականին։

Global IT Award ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է VivaCell-MTS–ի օժանդակությամբ։ -0-