Մահացել է UATE–ի տնօրեն Կարեն Վարդանյանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- գրել է նա:
Կարեն Վարդանյանը զբաղեցնում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի պաշտոնը 2007թ-ից: Նա ՏՏ ոլորտի առաջատար գործիչներից էր Հայաստանում: Ռազմավարական կառավարման և առաջնորդության նրա հմտությունների շնորհիվ UATE-ն երկար տարիների ընթացքում ցուցաբերում է կայուն աճ և կյանքի կոչում նորարար նախագծեր Հայաստանում: -0-