Մացոլան 1 մլն դոլար կփոխանցի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների կրթաթոշակների համար
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Cisco Systems-ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան 1 մլն դոլար կփոխանցի Հայաստանի ամերիկյան համալսարանին` կարիքավոր ուսանողների կրթաթոշակները վճարելու համար, շաբաթ լրագրողներին հայտնեց Viasphere International ընկերության ղեկավար, ՏՏ ոլորտում նախագահական մրցանակի նախաձեռնողներից մեկը` Թոնի Մորոյանը։
2014 թվականին Մարիո Մացոլան դարձել է Global IT Award նախագահական ամենամյա մրցանակի դափնեկիր, որը տրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար։
Մորոյանի խոսքով` Հայաստան այցելելուց հետո Մացոլան ցանկություն է հայտնել օժանդակել հայ ուսանողների կրթության մակարդակի բարձրացմանը, հատկապես կարիքավոր ընտանիքների և այն ուսանողների, ովքեր ուսումնասիրում են տեղեկատվական տեխնոլոգիաներ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր–Կյուրեղյանի խոսքով` նախատեսվում է, որ ամենամյա մրցանակներ կստանան շուրջ 20 ուսանողներ։
Տեր–Կյուրեղյանը նշեց, որ Մացոլայի և նրա տիկնոջ հատկացրած միջոցները կփոխանցվեն Համալսարանի հատուկ հիմնադրամին։
Նախագահական մրցանակի առաջին դափնեկիրը 2010 թվականին դարձել է Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը (Creig Barret), երկրորդը` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011), իսկ երրորդը` «Synaptics» ընկերության նախագահ, «Intel 4004» միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը (2012)։ Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար 2013 թվականին դարձել է Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան 2014 թվականին դարձել է Հայաստանի նախագահի Global IT Award ամենամյա մրցանակի դափնեկիր։
Global IT Award ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է VivaCell-MTS–ի օժանդակությամբ
Cisco ընկերությունը ՏՏ ոլորտի առաջատարներից է։ Մարիո Մացոլայի անմիջական ղեկավարությամբ «Insieme»–ն ապագա սերնդի հաշվողական կենտրոնի համար լուծումներ է ստեղծում։-0-