USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Լատվիայում պարաշյուտիստի թռիչքը դրոնից տեսանկարահանել են

15.05.2017, 17:30
Լատվիական Aerones կազմակերպությունը մասնագիտացված է 200 կգ–ից ավելի բեռ բարձրացնելու ընդունակ անօդաչուների թողարկման ոլորտում։

Լատվիայում պարաշյուտիստի թռիչքը դրոնից տեսանկարահանել են

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Լատվիական Aerones կազմակերպությունը մասնագիտացված է 200 կգ–ից ավելի բեռ բարձրացնելու ընդունակ անօդաչուների թողարկման ոլորտում։

Նախորդ տարի ընկերությունը հետաքրքրվել է սնոուբորդիստներին դրոնի օգնությամբ քարշակի ստեղծման գաղափարով։ Այս տարի գաղափարն անսպասելի շարունակություն է ունեցել: Aerones–ն օգտագործել է իր դրոններից մեկը օդապարիկով թռիչքի համար, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին, Լատվիայի Ամատի շրջանում: Այս մասին հաղորդում է 3dnews.ru-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Aerones-ի անօդաչուն լճակի վրայից վեր բարձրանում, ապա 120 մ բարձրություն ունեցող հեռահաղորդակցության աշտարակից վերցնում է այնտեղ գտնվող պարաշյուտիստ Ինգուս Աուգստկալնսին: Թռիչքն իրականացվում է դրոնի` 330 մ բարձրություն հավաքելուց հետո։

Ինքը` դրոնը, կշռում է 70 կգ, մակերեսը կազմում է 3,2 քմ, շարժիչների քանակը 28-ն է: Մարտկոցների տարողունակությունը բավարար է 10 րոպե թռիչք իրականացնելու համար: Նման անօդաչուի պատրաստման համար պահանջվել է 35 հազար եվրո:

Իհարկե, նման դրոնը հարմար է սիրողների համար, որ զգան ադրենալինի արտանետումն արյան մեջ։ Բայց ընկերությունում կարծում են, որ դրոնների կիրառության շրջանակը շատ ավելի լայն է: Այս տեսահոլովակն էլ տեղադրել են համացանց` ցույց տալու համար, որ իրենց թողարկած անօդաչուները կարելի է օգտագործել զանազան խնդիրներ լուծելու համար` սկսած հրդեհներ մարելուց, մինչև փրկարարական աշխատանքներ:

Թեև դրոնների մեծամասնությունը ոչ մեծ չափերի է, սակայն լինում են նաև բավականին մեծ մոդելներ: Օրինակ, 2015 թ-ին AirBuoyant ընկերությունը ստեղծել է VertiPod անօդաչուն, որը կարող է 100 կգ բեռ տեղափոխել օդում: -0-