USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորություններին նվիրված համաժողով է անցկացվել Երևանում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

19.11.2018, 21:27
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ երկուշաբթի տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով:
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորություններին նվիրված համաժողով է անցկացվել Երևանում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ երկուշաբթի տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով:

Այն իրականացվել է Արդարադատության նախարարության և «Ներդաշնակ Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:

«Քաղաքացիական հասարակության և բիզնեսի մասնակցությունը բարեփոխումներին հատուկ կարևորություն ունեն։ Թեև ավելի հաճախ խոսքում են պետական հատվածի կոռուպցիոն ռիսկերի մասին, բայց կոռուպցիայից պաշտպանված չէ նաև մասնավոր բիզնեսը, ինչը դրա դեմ համատեղ պայքարն անհրաժեշտություն է դարձնում»,– ասաց Զեյնալյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ մասնավոր ներդրումների ներգրավման առաջնային խթաններից մեկը կոռուպցիայի բացակայությունն է:

Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է նաև մրցունակ մասնավոր հատված ունենալու համար անհրաժեշտ նախապայմանները և ընդգծել մասնավոր հատվածի սուբյեկտների միջև հարաբերություններում առկա որոշ խնդիրների լուծման կարևորությունը:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, անկասկած՝ հակակռուպցիոն համակարգի ներդրումը կարևոր է՝ որպես ընկերության գործունեությունը վերահսկելու միջոց՝ ուղղված ծախսերի թափանցիկության և հիմնավորվածության, ներդրումների կանխատեսելի և կանոնավոր վերադարձելիության ապահովմանը և այլն: 

«Այդուհաներձ՝ միջազգային հակակոռուպցիոն համակարգերի ստանդարտներին համապատասխանությունն առավելագույնս արդյունավետ է լինում, երբ այն ընկերության աշխատակիցների արժեհամակարգի մաս է կազմում, ինչպես դա ՎիվաՍել-ՄՏՍ-ում է: Հակակոռուպցիոն ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, առաջին անգամ Հայաստանում, բխում է ոչ թե ընկերությանն հանդեպ իրավական պահանջներից, այլ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու մեր ցանկությունից ու կամքի դրսևորումից»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը և ընդգծել, որ իրենք դա արել են կամավոր կերպով:

Այնուհետև, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագիրը, որին հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստացած հանձնարարականները, որոնք փաստում են մասնավոր ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին՝ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ՝ համատեղ իրականացվող  «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» խորագրով ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ, ինովացիոն և ժամանակակից մեթոդներ: Ծրագրի շրջանակում գործընկեր «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է համապատասխան միջազգային փորձը, իրականացվել են հարցումներ, որոնց արդյունքում հավաքագրվել են ինովացիոն գաղափարներ:  Ծրագրի ընթացքում ստացված առաջարկները վերաբերում են հարկային, մաքսային ոլորտներին, լիցենզիաների, թույլտվությունների ստացման վերաբերյալ կարգավորումներին, գնումների համակարգին, և այլն: Ստացված առաջարկները հիմնականում նախատեսում են էլեկտրոնային կայքերի, պլատֆորմների, չատ բոտերի և նմանատիպ մեխանիզմների ստեղծում, որոնք առավել արագ և մատչելի կդարձնեն ծառայությունների ստացումը, տեղեկատվության փոխանակումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։–0–