«Կասպերսկու լաբորատորիա»-ն Երևանում ֆինանսական անվտանգության թեմայով սեմինար կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը հունիսի 24-ին ժամը 14:00-18:00-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում ֆինանսական կազմակերպությունների համար կանցկացնի «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով գործնական սեմինար։
Ինչպես տեղեկացրին «ԱՌԿԱ» գործակալությանը լաբորատորիայից, սեմինարին կմասնակցեն ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները` բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ, ներդրումային ընկերություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ:
Սեմինարը կվարեն «Կասպերսկու լաբորատորիա»-ի առաջատար մասնագետները։ Միջոցառումը կբացի Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկու լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՝ ներկայացնելով «Ինֆորմացիոն անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտում»։ Այնուհետև ելույթ կունենա նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը։ Նրա զեկուցման թեման է «Ֆինանսական կազմակերպությունների վրա թիրախային գրոհներ։ Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն՝ տվյալների մշակման կենտրոնից մինչև բանկոմատ»։
Զեկույցների նստաշրջանը «Ֆինանսական խարդախությունները և դրանց դեմ պայքարի միջոցները։ Հեռավար բանկային սպասարկման պաշտպանությունը և ֆինանսական գործարքները» թեմայով կեզրափակի նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Կալիննիկովը։
Բուլատ Սիրաևը կվարի նաև Kaspersky Interactive Protection Simulation ֆինանսական հաստատությունների համար բիզնես-խաղը։
«Հայաստանում վերջին տարվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել ֆինանսական կիբեռհանցագործությունները, և չարագործները դիմում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների օգտվողներից գողությունների, այնպես էլ` հենց ֆինանսական հաստատությունները թալանելու ավելի ու ավելի բարդ մեթոդների», - նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը ։
Նա ընդգծեց, որ կիբեռսպառնալիքներին դիմակայելու և դրանք կանխարգելելու համար ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ծառայությունների աշխատակիցները պետք է տիրապետեն ժամանակակից կիբեռսպառնալիքների, դրանց դեմ պայքարի եղանակների և գործիքների մասին նորագույն գիտելիքների։
«Այդ գիտելիքները և գործիքները կներկայացվեն «Հայացք ֆինանսական անվտանգությանը» գործնական սեմինարի մասնակիցներին, և նրանք կկարողանան ավելի հուսալի մակարդակի բարձրացնել ինչպես իրենց ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ` իրենց հաճախորդների միջոցների պաշտպանությունը»,- ասաց Կարապետյանը։ -0-