Կառավարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Վիվա Արմենիա»–ում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
«Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կառավարությունից նշում են, որ օպցիոն պայմանագրով կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավորություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում):
«Այլ խոսքով՝ որոշումը կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Viva Armenia-ի իր 20% բաժնեմասը 50 մլն դոլարով։ Վաճառքի օպցիոնի պայմանագիր կնքելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է հինգշաբթի կառավարության նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2024 թ.-ի փետրվարի 29-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 278-Ա որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 % 1000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 % համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
Ընկերությունն առաջարկել է կառավարության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։ Նման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը իրավունք կունենա, որոշակի պայմաններով, ապագայում հետ գնել նվիրաբերված բաժնետոմսերը՝ պայմանագրով նախատեսված պայմաններով։
Վիվա-ի մասին
Վիվան (Վիվա Արմենիա ՓԲԸ, նախկինում՝ «ՎիվաՍել») գործունեության լիցենզիա է ստացել 2004 թվականին։
2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80%-ը վաճառելուց հետո, ընկերությունը դարձել է ռուսական «Мобильные Телесистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր ձեռնարկություն։
2008 թվականին իրականացված համատեղ բրենդավորման արդյունքում ընկերության լոգոն փոխվեց «VivaCell-MTS»-ի։
2024 թվականի հունվարին Viva-ն հայտարարեց սեփականատիրոջ փոփոխության մասին և դուրս եկավ ռուսական MTS խմբից։
Viva Armenia CJSC-ի նոր բաժնետերը Fedilco Group Limited-ն է, որը գրանցված է Կիպրոսում, որի վերջնական շահառուներն են ՉԺե Չժանը և Կոնստանտին Սոկոլովը։
2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը Fedilco Group Limited-ից որպես նվիրատվություն ընդունեց MTS Armenia CJSC-ի 20% բաժնեմասը։ Այսօր ընկերությունն ունի լայն սպասարկման ցանց՝ 74 սպասարկման կենտրոններ Երևանում և մարզերում, որտեղ գործում են նաև MobiDram-ի մասնաճյուղերը։