USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

VivaCell-MTS ընկերությունը շուրջ 1.2 մլրդ դրամ կհատկացնի Հայաստանի մշակութային ծրագրերի իրագործմանը

12.02.2013, 14:50
VivaCell-MTS ընկերությունը 1.204 մլրդ դրամ կհատկացնի Հայաստանում 2013 թվականին մշակութային ծրագրերի իրագործմանը, հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
VivaCell-MTS ընկերությունը շուրջ 1.2 մլրդ դրամ կհատկացնի Հայաստանի մշակութային ծրագրերի իրագործմանը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերությունը 1.204 մլրդ դրամ կհատկացնի Հայաստանում 2013 թվականին մշակութային ծրագրերի իրագործմանը, հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մշակութային ոլորտի օժանդակությունը երկրում մեր գործունեության ամենասկզբից մեր կորպորատիվ պատասխանատվության մի մասն է եղել։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը մշակութային ծրագրերի իրագործմանն է ուղղել շուրջ 6.5 մլրդ դրամ, որոնցից 952.8 մլն դրամը` 2012 թվականին»,– ասաց Յիրիկյանը։

Ըստ նրա, VivaCell-MTS–ի համար առաջնահերթ հարցն ազգային ինքնության պահպանումն ու զարգացումն է, մասնավորապես, երիտասարդ սերնդի շրջանում։

«Մշակույթը մեզ համար շատ կարևոր ոլորտ է, և մենք միշտ ասել ենք, որ մշակույթը հայ հասարակության և ժողովրդի ազգային ինքնության հիմքն է, ու հենց այդ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին»,– ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

VivaCell-MTS ընկերությունը, մասնավորապես, նախատեսում է մի շարք խոշոր մշակութային ծրագրեր ֆինանսավորել այս տարի, որոնց թվում են` Սայաթ–Նովա մյուզիքլի բեմադրումը, Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված միջոցառումները, «Ոսկե ծիրան» տասներորդ հոբելյանական կինոփառատոնի անցկացումը, ինչպես նաև մի շարք այլ փառատոներ և մշակութային միջոցառումներ։

2012 թվականին ընկերությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «I Solisti Veneti» համերգի, «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության փառատոնի, ինչպես նաև Գյումրիում կայացած «Վերածնունդ» և «Վերադարձի» փառատոների անցկացմանը։

Ընկերությունն աջակցություն է ցուցաբերում նաև մի շարք կառավարական և ոչ կառավարական մշակութային կազմակերպությունների, որոնց թվում են «Բարեկամություն» անսամբլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Պետական ակադեմիական երգչախումբը և այլն։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
-0-