ԻՏՁՄ-ի անդամները ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարին ներկայացրել են ոլորտի խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամները ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում:
ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները ներկայացրել են ՏՀՏ ոլորտում գործող ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես, կարևորվել են կրթության, աշխատուժի և գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու ԻՏՁՄ-ի կողմից երկուստեք կարևորվել են ՏՏ ոլորտի և պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու, մասնավորապես, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:
«Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափն իրականացվում է շուրջ հինգ տարի: Այն ԻՏՁՄ անդամներին հնարավորություն է տալիս ազատ մթնոլորտում ՀՀ նախարարների հետ քննարկել կարևոր խնդիրներ:
Մարտիրոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով 2016 թ.-ի սեպտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: Մինչ այդ նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններում, այդ թվում, «Կորնետ-AM» ՓԲԸ-ում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում (ապրանքանիշը` Beeline) և «GNC-Alfa» ՓԲԸ-ում («Ռոստելեկոմի» հայկական դուստր ընկերությունը)»:
ԻՏՁՄ–ն հիմնադրվել է 2000 թ.–ին` ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։–0–