USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հոբելյանական «DigiTec» Երևանում. պաշտպանություն, զբոսաշրջություն, արհեստական ինտելեկտ և Համահայկական ցանց

24.05.2017, 18:21
DigiTec-2017» հոբելյանական 10-րդ գործարար-համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 9-10-ը։
 Հոբելյանական «DigiTec» Երևանում. պաշտպանություն, զբոսաշրջություն, արհեստական ինտելեկտ և Համահայկական ցանց

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի, /ԱՌԿԱ/. DigiTec-2017» հոբելյանական 10-րդ գործարար-համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 9-10-ը։

Համաժողովի կարգախոսն է` «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»: Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Ալեքսանդր Եսայանը։ 

Նրա խոսքով, գործարար համաժողովի նպատակն է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներմուծումը:  

«Բացի ՏՏ ոլորտի արդեն ավանդական դարձած արդիական ուղղություններից, համաժողովի ընթացքում կքննարկվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) նախապատրաստական հարցերը: Համաժողովը կանցկացվի 2019 թ-ին` Հայաստանում, այդ թվում կիրականացվի համաժողովի բրենդավորում եւ վիզուալազացում»,- ասաց Եսայանը։

Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։

«Հայաստանում WCIT-ի անցկացումը մեծ հնարավորություններ է բացում, քանի որ մեր երկիր կժամանեն ոլորտի շուրջ 200 առաջատար ընկերություն, ինչը հնարավորություն կտա նրանց ներկայացնել հայկական ՏՏ ոլորտի մշակումները, պետենցիալն ու հնարավորությունները»,- նշեց Եսայանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ համաժողովի հիմնական թեմաներն են լինելու պաշտպանությունը, զբոսաշրջությունը, արհեստական ինտելեկտը, Համահայկական ցանցի ստեղծումը և վերականգնվող էներգետիկայի հարցերը:   

«Բացի արդեն ավանդական դարձած պաշտպանության ոլորտի և դրանում հայկական ՏՏ մշակումների կիրառման հարցերից, այս տարի նաև կքննարկվեն զբոսաշրջության ոլորտում հայկական ՏՏ լուծումների ներդրման հնարավորության, վիրտուալ առևտրի իրականացման, հյուրանոցների օն-լայն  ամրագրման և այլ ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցեր»,-նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով, համաժողովի մասնակիցները նաև կքննարկեն ՓՄՁ ոլորտի արդյունավետության բարձարցման հնարավորությունները` ՏՏ լուծումների կիրառման միջոցով: 

 «Առանձին կքննարկվի արհեստական ինտելեկտի հարցը, քանի որ դա ակտիվ զարգացող շուկաներից մեկն է, և Հայաստանը կարող է որոշակի կշիռ ունենալ այնտեղ: Դրա համար անհրաժեշտ է գնահատել ներուժը, հնարավորությունները, ուղղությունները և առկա ներուժի զարգացման համար անհրաժեշտ պահանջները»,-ասաց  Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ «Digitec»-ի ընթացքում նախատեսվում է քննարկել «Haymap» համահայկական ցանցի ստեղծման հարցերը:

Ավանդական դարձած քննարկումների շրջանակում մասնակիցները կքննարկեն նաև վերականգնվող էներգետիկայի և բիզնեսում էներգաարդյունավետության տեխնոլոգիաների հարցերը, առանձին քննարկումներ կանցկացվեն էլեկտրոնային կառավարման հարցերով: 

2016 թ-ին «DigiTec» գործարար-համաժողովին մասնակցել են 900-1000 մարդ, իսկ 2017թ-ին կազմակերպիչները ակնկալում են առավել ակտիվ մասնակցություն:

 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «DigiTec» համաժողովն անցկացնում է 2008 թ-ից: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: -0-