Հնարավոր կլինի հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով։
Մրցակցության և սպառողների շահերի շահերի պաշտպանության հանձնաժողովը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել։
Հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։
Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Որոշմանը կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ։
Վճարահաշվարկային 4 ընկերությունների հայտարարությունը
2026 թվականի հունվարի 30-ին EasyPay, Idram, Telcell և Fast Shift վճարահաշվարկային ընկերությունները հայտարարեցին, որ հեռահաղորդակցության օպերատորներ Viva Armenia-ի, Team Telecom-ի և Ucom-ի կողմից առաջարկված համագործակցության նոր պայմանները միակողմանի բնույթ են կրում և խաթարում են վճարային ծառայությունների մատուցման տնտեսական հիմքերը:
Ըստ նրանց գնահատականի՝ միջնորդավճարների կտրուկ նվազեցումն անհնար է դարձնում սպասարկման ներկայիս ձևաչափի պահպանումը և արդեն իսկ հանգեցրել է օպերատորների կողմից պայմանագրերի միակողմանի լուծարմանը:
Վճարահաշվարկային ընկերությունները զգուշացնում են, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում հարյուր հազարավոր բաժանորդներ կարող են զրկվել հարմարավետ վճարային ծառայություններից, և հայտնում են կարգավորող մարմիններին դիմելու մտադրության մասին:
Օպերատորների պատասխան արձագանքը
Հաջորդ օրը ԶԼՄ-ներում հայտնվեցին հեռահաղորդակցության օպերատորների պատասխան հայտարարությունները, որոնցում նշվում է, որ նշված 4 ընկերությունների առաջարկած պայմանները զգալիորեն գերազանցում են այն սակագները, որոնք կիրառվում են, մասնավորապես, կոմունալ ծառայություններ մատուցողների նկատմամբ:
Հեռահաղորդակցական օպերատորները նշել են, որ առաջարկել են վերանայել սակագները՝ դրանք մոտեցնելով շուկայում ընդունված պայմաններին՝ ելնելով շուկայական տրամաբանությունից և հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունից: Սակայն, «չնայած կառուցողական երկխոսության պատրաստակամությանը, ներկայացված առաջարկներին չի հետևել հստակ հիմնավորում կամ բացատրություն՝ նույն ծառայությունների շրջանակում տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ կիրառվող մոտեցումների տարբերությունների վերաբերյալ»:
Համագործակցության վերականգնումը
Մոտ երկու շաբաթ անց բոլոր երեք հեռահաղորդակցական օպերատորները հայտնեցին չորս վճարահաշվարկային ընկերություններից մեկի՝ Fast Shift-ի հետ համագործակցության վերականգնման մասին: