ՀՀ–ում Beeline-ի խոսնակը հանդես է եկել «Նորարարական մոտեցումները և գործիքները PR-ում» դասախոսությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը հանդես եկավ «Նորարարական մոտեցումները և գործիքները PR-ում» դասախոսությամբ «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան» հանդիպման շրջանակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այրումյանը վարպետության դասի մասնակիցներին ներկայացրեց PR-ի ժամանակակից մոտեցումներն ու մեխանիզմները, ոլորտում կիրառվող նորարական մեթոդները և հիմնական գործիքների կիրառումը Beeline-ի օրինակով, կիսվեց հաջողության հասնելու և նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։
«Անչափ ուրախ եմ, որ հասարակայնության հետ կապեր հաստատելու և իմիջի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները համարվում են հաջողության օրինակ, և կարևորվում է մեր ընկերության փորձի ներկայացումը մարքեթինգի և PR-ի մասնագետներին: Երկու` միմյանց հետ փոխկապված ոլորտների ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ մասնագետների հետ այսօրվա հանդիպումն ինձ համար հետաքրքիր և արժեքավոր փորձ էր` ձեռքբերումները ևս մեկ անգամ ամփոփելու և զարգացման հետագա ուղիներն ուրվագծելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Global Media Lab ընկերության կողմից Հայաստանում իր գործունեության բնույթով առաջինը հանդիսացող «Marketers Community» նախագծի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էին մի շարք հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումն ավարտվեց հատուկ դասախոսությամբ, որի ընթացքում, Հայաստանում գործող ընկերության օրինակով, ներկայացվեց հաջողված բիզնես սկսելու համար ԱՆՎՃԱՐ մարքեթինգային գործիքների կիրառումը և ագրեսիվ վաճառքներին նպաստող ռազմավարության փուլերը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-