USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Viva Armenia-ի իր 20% բաժնեմասը 50 մլն դոլարով

07.08.2025, 11:13
Վաճառքի օպցիոնի պայմանագիր կնքելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է հինգշաբթի  կառավարության նիստում
ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Viva Armenia-ի իր 20% բաժնեմասը 50 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Viva Armenia-ի իր 20% բաժնեմասը 50 մլն դոլարով։ Վաճառքի օպցիոնի պայմանագիր կնքելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է հինգշաբթի կառավարության նիստում։

Որոշման հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2024 թ.-ի փետրվարի 29-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 278-Ա որոշմամբ   ՀՀ-ն որպես նվիրատվություն «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 % 1000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 % համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։

Ընկերությունն առաջարկել է կառավարության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։ Նման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը իրավունք կունենա, որոշակի պայմաններով, ապագայում հետ գնել նվիրաբերված բաժնետոմսերը՝ պայմանագրով նախատեսված պայմաններով։

Օպցիոնի պայմանագրով սահմանվում է, որ հաշվի առնելով, որ Ընկերությունը (Գնորդը) և ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս Վարչապետի աշխատակազմի հանդիսանում են «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի համապատասխանաբար 80%-ի և 20%-ի օրինական և շահառու սեփականատերերը՝ Գնորդը համաձայնվել է Վաճառողին տրամադրել վաճառքի օպցիոն Օպցիոնի բաժնետոմսերի նկատմամբ։

Վաճառողի կողմից Օպցիոնի իրացման ծանուցման դեպքում Գնորդը Վաճառողին պետք է վճարի Հատուցման ընդհանուր գումարը 50,000,000 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ Ավարտից հաշված իննսուն օրվա ընթացքում:

Վերոգրյալ գործընթացը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի կիրառելիությամբ:

Վիվա-ի մասին

Վիվան (Վիվա Արմենիա ՓԲԸ, նախկինում՝ «ՎիվաՍել») գործունեության լիցենզիա է ստացել 2004 թվականին։

 2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80%-ը վաճառելուց հետո, ընկերությունը դարձել է ռուսական «Мобильные Телесистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր ձեռնարկություն։ 

2008 թվականին իրականացված համատեղ բրենդավորման արդյունքում ընկերության լոգոն փոխվեց «VivaCell-MTS»-ի։

 2024 թվականի հունվարին Viva-ն հայտարարեց սեփականատիրոջ փոփոխության մասին և դուրս եկավ ռուսական MTS խմբից։ 

Viva Armenia CJSC-ի նոր բաժնետերը Fedilco Group Limited-ն է, որը գրանցված է Կիպրոսում, որի վերջնական շահառուներն են ՉԺե Չժանը և Կոնստանտին Սոկոլովը։

 2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը Fedilco Group Limited-ից որպես նվիրատվություն ընդունեց MTS Armenia CJSC-ի 20% բաժնեմասը։ Այսօր ընկերությունն ունի լայն սպասարկման ցանց՝ 74 սպասարկման կենտրոններ Երևանում և մարզերում, որտեղ գործում են նաև MobiDram-ի մասնաճյուղերը։