USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում յուրաքանչյուր երեք համակարգիչներից երկուսը վարակված են վիրուսներով

23.03.2016, 17:08
Հայաստանը վիրուսներով վարակված համակարգիչների թվով աշխարհի առաջատար երկրներից է, չորեքշաբթի հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանում յուրաքանչյուր երեք համակարգիչներից երկուսը վարակված են վիրուսներով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը վիրուսներով վարակված համակարգիչների թվով աշխարհի առաջատար երկրներից է, չորեքշաբթի հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 «Վերջին տվյալներով, Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր երեք համակարգիչներից երկուսը վարակված են վիրուսներով», – ասել է նա «Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը» թեմայով սեմինարի ընթացքում։

Մարտիրոսյանի խոսքով, հանրապետության բնակչության մեծ մասն իրազեկված չէ անձնական տվյալների պահպանման կարևորության մասին։

Փորձագետը կարծում է, որ Համացանցում անձնական տվյալների պահպանման հարցում Հայաստանի քաղաքացիների հետաքրքրվածության պակասը Հայաստանում կիբեռհանցագործությունների բարձր մակարդակի պատճառներից մեկն է։

Նրա կարծիքով, Հայաստանի` վիրուսներից տուժած օգտատերերի մեծամասնությունը համակերպվում է այդ փաստի հետ և դրանում որևէ արտառոց բան չի տեսնում, ինչը, բնականաբար, ազդում է տեղեկատվական անվտանգության մակարդակի վրա։  

Մարտիրոսյանը նշել է նաև, որ կիբեռառաջընթացի տեսանկյունից  այս փուլում Հայաստանը զարգացած երկիր չէ, ինչն իր հերթին վերջին տարիների հետևանքն է` 90–ական թվականների էներգետիկ ճգնաժամ, 2000-ականների սկզբին` որոշակի մենաշնորհ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 

Մարտիրոսյանը միաժամանակ նշել է, որ Հայաստանում համակարգչի օգտատերերի շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինքնազարգացման և ինքնաուսուցման միտում է նկատվում։

«Վերջին 2-3 տարվա ընթացքում կիբեռհանցագործությունների դեպքերը Համացանցի հայ օգտատերերի շրջանում գրեթե կրկնակի կրճատվել են», – մշել է նա և ավելացրել, որ այդ թվերը խոսում են Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում որոշակի դրական տեղաշարժի մասին։ -0-