USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանն ու Եթովպիան որպես առաջնային ուղղություն են համարում ՏՏ և թվային օրակարգի շուրջ համագործակցությունը

03.04.2019, 19:22
Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանն ու Եթովպիան որպես առաջնային ուղղություն են համարում ՏՏ և թվային օրակարգի շուրջ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Եթովպիային նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը»,– նշվում է հաղորդման մեջ։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում` Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվեց նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Եթովպիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեցին Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Նախարար Մնացականյանը կարևորեց Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:

Եթովպիայի նախագահի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: -0-