Հայաստանի բջջային կապի 3 օպերատորները 2015թ.–ին 37.5 մլրդ դրամի հարկեր են վճարել պետբյուջե
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռահաղորդակցման ծառայությունների երեք գորոծող ընկերություններ 2015 թվականին 37.5 մլրդ դրամ են վճարել պետական բյուջե` 2014 թվականի 49.5 մլրդ դրամի դիմաց, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
Հրապարկված տվյալների համաձայն, օպերատորների (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքած միջոցները կազմել են ավելի քան 35.1 մլրդ դրամ, մաքսային մարմիններինը` մոտ 2.5 մլրդ դրամ։
Այսպես, VivaCell-MTS–ը (Ղ–Տելեկոմ) 2015 թվականին պետբյուջե է վճարել 18.6 մլրդ դրամ (3–րդ տեղ), ԱրմենՏել–ը (Beeline ապրանքանիշ)` 15.5 մլրդ դրամ (7-րդ տեղ), իսկ Orange Armenia–ն` ավելի քան 3.4 մլրդ դրամ (35-րդ տեղ)։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2015 թվականին պետբյուջե են վճարել մոտ 696,5 մլրդ դրամ 2014 թվականի 700,5 մլրդ դրամի դիմաց (անկումը` 0,6%)։
Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում շարունակում է առաջատարի դիրքը զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 2015 թ.–ին պետական բյուջե է վճարել ավելի քան 42,6 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված մոտ 42,8 մլրդ դրամի դիմաց (0,4 տոկոսի անկում)։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։
Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: ($1 – 488,23 դրամ). -0-