USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ՏՏ ոլորտի աճը կախված է բացառապես մասնագետների առկայությունից. UITE

06.03.2013, 14:54
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միակն է Հայաստանում, որի աճը կախված է բացառապես մասնագետների առկայությունից, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Հովհաննես Ավոյանը։
Հայաստանի ՏՏ ոլորտի աճը կախված է բացառապես մասնագետների առկայությունից. UITE

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միակն է Հայաստանում, որի աճը կախված է բացառապես մասնագետների առկայությունից, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Հովհաննես Ավոյանը։

«Եթե կադրերը կրկնապատկվեն, ապա ոլորտի արտադրությունը նույնպես կկրկնապատկվի, այդ պատճառով UITE–ը 2013թ.–ին հատուկ ուշադրություն կհատկացնի կրթական ոլորտին` ամեն տարի մի քանի հազար նոր մասնագետների ներգրավման նպատակով»,– ասաց Ավոյանը։

Այդ համատեքստում նա նշեց, որ անհրաժեշտ է արդեն սկսած 5–6–րդ դասարանից երեխաների մոտ ծրագրավորման հմտություններ զարգացնել։

«Հայաստանում արդեն ձեռնարկվում են այդ ուղղությամբ առաջին քայլերը, մասնավորապես` 2013թ.–ին 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտատեխնիկայի ակումբներ, իսկ հետագայում նման ակումբներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում»,– ասաց նա։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին կստեղծվի Հայկական ինժեներական լաբորատորիան, որը հաշվարկված է 2 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, և դպրոցներում խմբակների բացումը թույլ կտա համալսարաններում որակյալ կադրերի հոսք ապահովել։

«Մենք պետք է երիտասարդների համար սեփական կազմակերպուններ բացելու համար պայմաններ ստեղծենք կամ Հայաստան բերենք խոշորագույն միջազգային ընկերություններ նրանց աշխատանքով ապահովելու համար։ Ռոբոտատեխնիկան ամենահեռանկարային տեխնոլոգիական ուղղություններից մեկն է»,– ասաց Ավոյանը։

Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից։ –0–