USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ՏՏ ոլորտի առաջնորդները Հանքավանում կքննարկեն կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդիրները

12.10.2012, 17:42
Կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդրի շուրջ տեխնոլոգիական ոլորտի ներուժը կոնսոլիդացնելու և առկա իրավիճակը քննարկելու նպատակով Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին:
Հայաստանի ՏՏ ոլորտի առաջնորդները Հանքավանում կքննարկեն կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդրի շուրջ տեխնոլոգիական ոլորտի ներուժը կոնսոլիդացնելու և առկա իրավիճակը քննարկելու նպատակով Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին:

Այն տեղի կունենա հոկտեմբերի 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից (ԻՏՁՄ)։

Հանդիպման օրակարգային թեմաներից են` հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում, ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում, մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա կրթական ծրագրերի շուրջ, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության  խմբակների ստեղծում և այլն:

Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների և այլ կրթական հաստատությունների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)` USAID աջակցությամբ։

Հանդիպումները Միության կողմից անցկացվում են  2007թ.–ից` տվյալ բնագավառի համար առավել ակտուալ թեմաների և համատեղ քայլերի մշակման, ինչպես նաև կառավարությանն ուղղված առաջարկների քննարկումների նպատակով։

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է:  2012թ.  հոկտեմբերի 1-ի դրությամբ նրանց թիվը հասել է 60-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք, մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:  –0-