USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի օժանդակել ՏՏ ոլորտին. Դավթյան

13.04.2013, 16:43
Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի օժանդակություն ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, շաբաթ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը` Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) 13–րդ համագումարի բացմանը։
Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի օժանդակել ՏՏ ոլորտին. Դավթյան
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի օժանդակություն ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, շաբաթ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը` Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) 13–րդ համագումարի բացմանը։

«Առաջիկա տարիներին մենք կշարունակենք ոլորտին աջակցելու ծրագրերը` ինչպես պետբյուջեի, այնպես էլ միջազգային կառույցներից ներգրավված միջոցների հաշվին։ Նախատեսված են բյուջետային հատկացումների համաչափ ծավալներ։ Կարող եմ հավաստիացնել, որ պետությունը միշտ ձեր կողքին կլինի»,– ասաց Դավթյանը։

2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ։ Այսօր Հայաստանի ՏՀՏ ոլորտում գործում է մոտ 350 ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 10 հազար աշխատակից։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ոլորտը գերակա հայտարարելով` պետությունը, բնականաբար, մի շարք պարտավորություններ է ստանձնել։

«Մենք հստակ գիտակցում ենք, որ պետությունը պետք է շարունակի իր օժանդակությունը տարբեր ձևաչափերով և ուղղություններով»,– ասաց նա, ավելացնելով, որ անցած տարիներին ձևավորվել են ՏՏ ոլորտի աջակցության կառավարական կառույցներ, իրականացվել են տարբեր ծրագրեր, բյուջետային օժանդակություն։

Ըստ նրա, այսօր արդեն կարելի է փաստել, որ Հայաստանում կա կազմակերպված, հզոր և կայուն տեխնոլոգիական բիզնես–համայնք, կառույցներ և Միություն, որն այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը։

«Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանի ՏՏ ոլորտը ոչ միայն դինամիկ զարգանում էր, այլ նաև կարողացավ ամրապնդել և ընդլայնել իր հնարավորությունները»,– ասաց նա։

Դավթյանը նշեց, որ ամեն տարի երկնիշ աճ է գրանցվում ոլորտում, ամեն տարի շուկա են մտնում տասնյակ նոր ընկերություններ, իրականացվում են նոր ծրագրեր, ստեղծվում են հարյուրավոր, երբեմն` հազարավոր նոր աշխատատեղեր։

«Այդ զարգացումն արդեն կայուն բնույթ է կրում, ինչը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար։ Ամենակարևորը, որ մենք կարողանում ենք լավ համագործակցել` դա այն ոլորտն է, որտեղ հաջողությամբ իրականացվում է պետության, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակությունը։ Այդ ձևաչափով մենք կանոնավոր կերպով իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, իրագործում ենք տարեցտարի ընդլայնվող ծրագրեր»,– ավելացրեց նա։

UITE տվյալներով, Հայաստանի ՏՏ ոլորտի աճը 2012 թվականի արդյունքներով, կազմել է 25 տոկոս 250 մլն ընդհանուր շրջանառությամբ։

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0—