USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը կարող է մեծ ներդրում ունենալ ՏՏ ոլորտի զարգացման գործում. Ցուգիո Մակիմոտո

14.11.2013, 16:20
Հայաստանը մեծ ներդրում կարող է ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում, հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Hitachi Electronic Devices Group ընկերության նախկին գործադիր տնօրեն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto)։
Հայաստանը կարող է մեծ ներդրում ունենալ ՏՏ ոլորտի զարգացման գործում. Ցուգիո Մակիմոտո
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մեծ ներդրում կարող է ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում, հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Hitachi Electronic Devices Group ընկերության նախկին գործադիր տնօրեն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոն (Tsugio Makimoto)։

«Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի, լավ կադրեր, ինչը թույլ կտա լուրջ ներդրում ապահովել տեխնոլոգիաների զարգացման գործում», – ասաց Մակիմոտոն։

Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտին և ավելացրեց, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները հզոր զենք են տնտեսության զարգացումը խթանելու համար։

Խոսելով նախագահական մրցանակին արժանանալու մասին` Մակիմոտոն նշեց, որ շատ զգացված է նման բարձր մրցանակի արժանանալու համար։

«Երբ իմացա, որ ինձ մրցանակ է շնորհվել, ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, սակայն արդեն բավականին շատ բան եմ կարդացել երկրի մասին և այցի առաջին իսկ րոպեներից զգացել եմ, որ հայերը շատ լավ, բարյացակամ, հյուրընկալ ժողովուրդ են», – ասաց նախագահական մրցանակի դափնեկիրը։

Նրան հատկապես հետաքրքրել է հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև այն, որ պետությունը շեշտադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինչը երկրի զարգացման համար լավ հնարավորություն կդառնա։

Նա նաև նշեց, որ այնքան է ոգեշնչվել տեսածով, որ որոշել է 10 օր մնալ երկրում` այն ավելի լավ ճանաչելու համար։

Viasphere International ընկերության ղեկավար Թոնի Մորոյանն իր հերթին նշել է, որ այս տարի դափնեկիրն արժանի անձնավորություն է, քանի որ Մակիմոտոն իր աշխատանքին է նվիրել շատ տասնամյակներ` ապահովելով զգալի առաջընթաց տեխնոլոգիաների և հատկապես կիսահաղորդիչների ու միկրոպրոցեսորների զարգացման ոլորտում։

VivaCell-MTS ընկերության (VivaCell-MTS–ը նախագահական մրցանակի հովանավորն է) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ նման մրցանակը թույլ է տալիս Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային ասպարեզում։ Ընկերության անունից նա Մակիմոտոյին հանձնեց Հայաստանի մասին պատմող գրքերի ժողովածու, որոնք ամեն տարի թողարկվում են ընկերության կողմից։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնադրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թ.–ի հուլիսի 6–ի հրամանով` այս ոլորտի զարգացումը խթանելու նպատակով։ Այն յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի:

Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (Creig Barret),, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ երրորդը` «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012)։ –0–