Համացանցի հնարավորությունները շատ ավելի ուժեղ են, քան համացանցի վրա ազդելու լծակները. ԵԱՄՖ մասնակիցներ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համացանցի հնարավորությունները շատ ավելի ուժեղ են, քան այն կարգավորելու օրենսդրական լծակները, երեքշաբթի հայտնեց մեդիափորձագետ Անտոն Խրեկովը Մինսկում անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:
«Թերթը լույս է տեսնում հին ձևով: Նրանում գրված է, որ պարոն Իվանովը գող է: Հասկանալի է, որ այդ թերթը սկսում էին դատել քաղաքացիական իրավունքի շրջանակներում»,- ասել է Խրեկովը: «Այժմ ինտերնետում, եթե խոսքը ծակրահեղականության կամ պոռնոգրաֆիայի մասին է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Բայց երբ ասում են, որ, օրինակ, «Սեվերստալ» ընկերությունը վատն է, «Սեվերստալում» շատ գողեր կան, ի՞նչ անի պետությունը, որը կարգուկանոն է ցանկանում: Ինչպե՞ս արձագանքի: Չկա այդ պտուտակահանը»,- պարզաբանել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նույն կարծիքն ունի լատվիացի բլոգեր Կրիստինիաս Ռոզենվալդսը: «Համացանցի օգնությամբ գրոհի բազմաթիվ արդյունավետ տեխնոլոգիաներ են մտածվել: Մենք «փչացնելու» բազմաթիվ տարբերակներ ունենք: Բայց շատ քիչ արձագանքելու հնարավորություններ»,- ասաց նա: «Մենք ունենք ախտորոշում, բայց չունենք դրա հետ պայքարելու բաղադրատոմս»,- ասել է Ռոզենվալդսը:
ԵԱՄՖ-2012-ի հիմնական թեման դարձավ եվրասիական ինտեգրման քննարկումը: Երկու օրվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ոլորտի լրագրողները, քաղաքական գործիչները, պատգամավորները և փորձագետները քննարկում են ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև նոր մեդիայի գործողության կառուցվածքն ու առանձնահատկությունները հետխորհրդային տարածքում:
«Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում և նոր մեդիա» եվրոպական և ասիական մեդիաֆորումին մասնակցում է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ: Ֆորումի հյուրերն են հայտնի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ: -0-