USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հաջողության հասնելու ճանապարհին պետք է պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբևիցե չընկրկել. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն

20.12.2018, 11:43
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, ինչպես նաև և ԵՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների ուսանողներին:
Հաջողության հասնելու ճանապարհին պետք է  պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբևիցե չընկրկել. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, ինչպես նաև և ԵՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների ուսանողներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր:

Ուսանողական լսարանը մեծ հետաքրքրությամբ լսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես կայացած ընկերության և Ռալֆ Յիրիկյանի՝ որպես կայացած գործարարի հաջողության պատմությունները:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գործարար ոլորտում խոչընդոտների հաղթահարմանն ուղղված լուծումներին, ու նաև պատկերացում կազմել կառավարման հմտությունների վերաբերյալ՝ կոնկրետ օրինակներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ հաջողության հասնելու ճանապարհին պետք է     պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբևիցե չընկրկել:

«Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել, սակայն պետք է երախտապարտ լինել ճակատագրին, որ «կոմֆորտի գոտում» չես ապրել: Կյանքի դժվարությունները կոփում են կամքն ու վճռականությունը, ուժ են տալիս հաղթահարելու կասկածներն ու անգնահատելի գիտելիքներ պարգևում: Նրանք, ովքեր մշտապես գտնվում են հարմարավետության գոտում, այդպես էլ չեն հանդիպում դժվարությունների, չեն կանգնում սահմանափակ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև, ու հետևաբար՝ չեն սովորում: Խոչընդոտները ստիպում են մտածել, ուղիներ փնտրել: Իմ անցած տարիներին հետընթաց հայացք գցելով՝ ես երանի չեմ տալիս այն մարդուն, ով իր դեռահասության, պատանեկության ժամանակ նյութական մեծ հնարավորություններ է ունեցել: Այսպես անգամ կարելի է ձախողել ու կորցնել ամեն ինչ: Նա, ով ձևավորել է հմտություն, ձեռք է բերել գիտելիք, հասել դրանց՝ գործած սխալների հիման վրա, նա այդ գիտելիքներն ու հմտությունները երբեք չի կորցնի, այլ՝ շարունակաբար կկատարելագործի: Եվ, ըստ էության, հենց գիտելիքն ու հմտությունը, ինչպես նաև հոգևոր արժեքներն են մեր միակ անօտարելի սեփականությունը: Ձգտեք ունենալ ինքնություն, այլ ոչ թե՝ պարզապես տիրել նյութական բարիքների»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպմանը հաջորդել է ինտերակտիվ զրույց ուսանողների և Ռալֆ Յիրիկյանի միջև: Գործարարը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում պատրաստակամություն հայտնել ևս մեկ անգամ հանդիպելու կամ հյուրընկալելու նրանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

Նման ձևաչափով հանդիպումներն օգնում են ապագա գործարարներին ու տնտեսագետներին ավելի առարկայորեն հասկանալ ընկերության կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման ու հաջողության հասնելու ուղիները: Փորձի այսօրինակ փոխանցումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բուհում ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման տարբերակները իրական իրավիճակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր ցանցերը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: -0-