Գյումրիում «Թումո» կենտրոն հիմնելուն նվիրված հեռուստամարաթոն է մեկնարկել «Շանթ» հեռուստաընկերության եթերում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Շանթ» հեռուստաընկերության եթերում երեքշաբթի մեկնարկեց հեռուստամարաթոն, որի նպատակը Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելն է: Այսօրվա դրությամբ «Թումո» կենտրոնը օգնում է Երևանի պատանիներին արժանի կրթություն ստանալ և աշխատանք ունենալ երկրի առաջատար ընկերություններում:
«Այս դրամահավաքի արդյունքում Գյումրու երիտասարդ սերունդը կստանա կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորություն, կկառուցի սեփական ապագան»,- ասված է «Նովոստի-Արմենիա» ստացված հաղորդագրությունում:
Կենտրոնի ստեղծման գաղափարին աջակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջիններից մեկը Սփյուռքից արձագանքեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով բացի սեփական ներդրումից, նաև ողջ աշխարհի իր հայրենակիցներին կոչ արեց միանալ այդ բարեգործական ակցիային և օգնել հայ երեխաներին` ունենալու արժանապատիվ ապագա իր Հայրենիքում:
Հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր մարաթոնը կհեռարձակվի ողջ աշխարհում` «Շանթ» Հ/Ը ուղիղ եթերում: Ողջ օրվա ընթացքում տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները կարող են փոխանցել գումարներ այս նախաձեռնության համար:
«Բարեկամներ, մեր յուրաքանչյուրի ներդրումը այս բարեգործական նախագծում մեծ արժեք կունենա Գյումրու և մեր Հայրենիքի ապագայի համար: Մենք համոզված ենք, որ եթե մենք այս հնարավորությունն ունենայինք քսան տարի առաջ, ներկա սերունդն ավելի բարվոք սոցիալական վիճակ և խոստումնալից ապագա կունենար», - ասված է հաղորդագրությունում:--0--