USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի տեղեկատվության ազատության կենտրոնը պետական կառույցների տեղեկատվական թափանցիկության գնահատման նոր համակարգ է մշակել

11.03.2014, 14:03
Հայաստանի տեղեկատվության ազատության կենտրոնը մշակել է և ապրիլին կգործարկի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական թափանցիկության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ, լրագրողներին հայտնեց Կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը։
Հայաստանի տեղեկատվության ազատության կենտրոնը պետական կառույցների տեղեկատվական թափանցիկության գնահատման նոր համակարգ է մշակել
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տեղեկատվության ազատության կենտրոնը մշակել է և ապրիլին կգործարկի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական թափանցիկության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ, լրագրողներին հայտնեց Կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը։

«Նոր ցուցիչը կօգնի գնահատել` արդյո՞ք պատշաճ կերպով են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկություն տրամադրում հասարակությանը, և որքա՞ն է թափանցիկ դրանց գործունեությունը»,– ասաց Դոյդոյանը։

Նա հայտնեց, որ տարին մեկ անգամ նոր համակարգով կազմվող ցուցիչը ձևավորվում է ավելի քան հիսուն չափանիշի հիման վրա, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբի` տեղեկության ազատության իրավունքի իրագործում, հրապարակայնության և տեղեկության հասանելիության ապահովում այն կրողի կողմից և տեղեկության կրողի աշխատանքային ոճ։

Դոյդոյանը նշեց, որ գնահատման գործընթացը մի քանի փուլ է ներառում։ Առաջին փուլում, որը մեկնարկում է ապրիլի սկզբին, տեղեկության կրողներին էլեկտրոնային նամակի տեսքով կուղարկվի 53 հարցից բաղկացած հարցաշար։ Երկրորդ փուլում Ազատության կենտրոնի փորձագետները կստուգեն, թե որքանով են ստացված պատասխանների համապատասխանում իրականությանը։ Ստուգումը կտևի մինչև աշուն, իսկ վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին։

Ընթացիկ տվյալները միաժամանակ կհրապարակվեն կենտրոնի www.foi.am կայքում։

Տեղեկության հրապարակայնության և ազատության ցուցիչն ու էլեկտրոնային համակարգը մշակվել են Հայաստանում Counterpart International կազմակերպության ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ -0