USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

FPWC և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում. Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է

22.11.2017, 13:09
«Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են:
FPWC և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում. Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնանն արդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ՝ լուսավորելով ևս 2 կմ տարածք։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ամրակից գյուղի վարչական ղեկավար Արթուր Ներկարարյանը և գյուղի բնակիչները:

«Ամեն անգամ որևէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապա պետք է սահմանենք կարևոր նպատակներ և առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ լուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլև ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան: Լավատեսությունն անչափ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը», – հայտնում են ընկերությունից:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-