USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Facebook-ը ներողություն է խնդրել օգտագործողից «Տարվա ամփոփման» համար

27.12.2014, 13:40
Facebook սոցիալական ցանցն օրեր առաջ «Տարվա ամփոփում» նոր ծառայություն էր գործարկել։ Այն հավաքում է տարվա ընթացքում օգտագործողի էջում հրապարակած լուսանկարները` տեսությանն ավտոմատ ավելացնելով «Գերազանց տարի էր։ Լավ է, որ մենք այն անցկացրինք միասին» խոսքերը։ Սակայն ոչ բոլորի համար է ավարտվող տարին «գերազանց»։
Facebook-ը ներողություն է խնդրել օգտագործողից «Տարվա ամփոփման» համար
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Facebook սոցիալական ցանցն օրեր առաջ «Տարվա ամփոփում» նոր ծառայություն էր գործարկել։ Այն հավաքում է տարվա ընթացքում օգտագործողի էջում հրապարակած լուսանկարները` տեսությանն ավտոմատ ավելացնելով «Գերազանց տարի էր։ Լավ է, որ մենք այն անցկացրինք միասին» խոսքերը։ Սակայն ոչ բոլորի համար է ավարտվող տարին «գերազանց»։ Ծառայությունը ողբերգական իրադարձություններ վերապրած օգտագործողների համար տհաճ հիշեցում էր։ Այդպես էր նաև Էրիկ Մայերի դեպքում, ով իր բլոգում գրել էր այդ մասին, ինչից հետո Facebook–ի ներկայացուցիչը հրապարակավ ներողություն է խնդրել օգտագործողից, հաղորդում է rt.com–ը։

Facebook–ի «Տարվա ամփոփում» ծառայությունը ներկայացնում է տարվա ընթացքում առավելագույն թվով «լայքեր» հավաքած լուսանկարների ալբոմ։ Հավելվածը որոշակի ալգորիթմին համապատասխան, ընտրում է տարվա ամենահիշվող պահերն ու իրադարձությունները, գրում է The Washington Post–ը։ Ալբոմը լռելյայն ուղեկցում է «Գերազանց տարի էր։ Լավ է, որ մենք այն անցկացրինք միասին» արտահայտությունը։

Սակայն սոցցանցի որոշ օգտագործողների համար ավարտվող տարվա առավել հիշվող պահը տխուր կամ նույնիսկ ողբերգական իրադարձությունն էր։ Օրինակ, վեբ–դիզայնի խորհրդատու Էրիկ Մայերի դեպքում։ Նրա 6–ամյա դուստրը մահացավ այս տարի իր ծննդյան օրը։ Եվ, իհարկե, «Տարվա ամփոփման» մեջ նա ստիպված եղավ տեսնել և կրկին վերապրել դստեր վերջին ծննդյան օրը լուսանկարներով, որոնցում նա անհոգ պարում է գունավոր փուչիկների հետ։ 

«Այդ պատահական ալգորիթմային դաժանությունը հիշեցնում է մարդկանց տարվա հիանալի պահերի մասին բազմաթիվ սելֆիներով, արված երեկույթների ժամանակ, կամ հանգստի ժամանակ նավակներից կամ լաստանավերից կետերի քթերով սելֆիներով,– գրել է Մայերն իր բլոգում։ «Բայց մեզնից ոմանք, ով վերապրել է մտերիմների մահը կամ երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում, կամ տառապել բաժանումից, աշխատանք կորցնելուց կամ տնտեսական ճգնաժամից, մենք, ամենայն հավանականությամբ, չենք ուզում ևս մեկ անգամ հիշել անցնող տարին»,– ավելացրեց նա։

Օգտագործողն իր հերթին առաջարկում է Facebook–ի ղեկավարությունը տվյալ ծառայության թերությունները շտկելու երկու ձև` «Նախևառաջ, մի արեք լուսանկարների ավտոմատ հավաքում այնքան ժամանակ, մինչև որ վստահ չլինեք, որ օգտագործողն իսկապես ցանկանում է տեսնել ավարտվող տարվա լուսանկարները։ Երկրորդ, ծառայությունը մարդկանց պարտադրելու փոխարեն, հավանաբար, արժե հարցնել նրանց` կցանկանայի՞ն նախապես հնարավորություն ունենալ պատասխանել անցյալ տարին լուսանկարներով տեսնելու ցանկության մասին հարցին։ Պարզապես «այո» կամ «ոչ»։ 

Մայերի գրառմանն արձագանքել է Facebook–ի ներկայացուցիչ Ջոնաթան Գելերը, ով ներողություն է խնդրել օգտագործողից, հաղորդում է The Washington Post–ը։ «Հավելվածն ուրախացրել է բազմաթիվ մարդկանց, սակայն տվյալ դեպքում մենք միայն վշտացրել ենք օգտագործողին` ուրախացնելու փոխարեն»,– Գելերի խոսքն է մեջբերում պարբերականը։ 

Ընկերության ներկայացուցիչն ավելացրել է նաև, որ սոցցանցի թիմը կաշխատի իր հավելվածների կատարելագործման ուղղությամբ, և շնորհակալություն է հայտնել Էրիկ Մայերին բլոգում արձագանքելու համար։ -0-