USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ՀԲ-ի հետ՝ Հայաստանում տեխնոպարկերի ցանցի ստեղծման ուղղությամբ. նախարար

23.07.2012, 15:40
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալ պահին բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ՝ տեխնոպարկերի ցանցի ստեղծման ուղղությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ՀԲ-ի հետ՝ Հայաստանում տեխնոպարկերի ցանցի ստեղծման ուղղությամբ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալ պահին բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ՝ տեխնոպարկերի ցանցի ստեղծման ուղղությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

«Մենք ծրագրում ենք Գյումրու տեխնոպարկի մոդելով տեխնոլոգիական կենտրոններ ստեղծել Վանաձորում, Չարենցավանում և հանրապետության այլ քաղաքներում»,- ասաց Դավթյանը՝ չհստակեցնելով ժամկետներն ու այն գումարը, որը պահանջվում է Վանաձորում և Չարենցավանում տեխնոպարկերի ստեղծման համար։

Նախկինում Դավթյանը հայտնել էր, որ տեխնոպարկերի շինարարության համար մի քանի միլիոն դոլար կպահանջվի։

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռ 2006թ.-ի մարտի 2-ին, իսկ 2009թ.-ի ապրիլի 9-ին կառավարությունը հաստատեց տեխնոպարկի գործունեության պետական աջակցման ծրագիրը։

2012թ.-ի ապրիլի 29-ին սկսվեց Տեխնոլոգիական կենտրոնի՝ տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի շինարարությունը, որի շինարարության համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել շուրջ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունները։ 8,5 մլն դոլար կկազմեն D-Link International համաշխարհային հայտնի ընկերության՝ Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում կատարած ներդրումները։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղվածություններն ամրագրված են հետևյալ ոլորտներում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերչություն, զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին ձեռնարկության դերում, որը կզբաղվի  գիտատար արտադրությամբ՝ երկրի արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար։

Տեխնոպարկի շինարարության աշխատանքների իրականացման համար Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ է ստեղծվել և մշակվել է տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու զարգացման բիզնես-մոդելը։

Բացի այդ, սարքավորում է ձեռք բերվել САН տեխնոլոգիաների ուսումնական լաբորատորիա հիմնադրելու համար։

National Instruments ամերիկյան ընկերության հետ համատեղ ծրագիր է իրականացվում, որն ուղղված է նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցմանը։ Արդեն ավարտվել է մի քանի տասնյակ մասնագետների պատրաստման ծրագիրը, ովքեր արդյունաբերական դիզայնի և եռաչափ մոդելավորման ոլորտում տիրապետում են ժամանակակից համակարգչային մոդելավորման գործիքներին։

Գյումրիում նորաձևության, ոսկեգործության և դիզայնի կենտրոն հիմնելու ուղղությամբ էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում է Հռոմի «Դիզայնի եվրոպական ինստիտուտի» ներկայացուցիչների հետ` նախատեսվում է Գյումրիում բացել համատեղ ուսումնական լաբորատորիա:--0-