Դպրոցականներն այցելեցին Beeline Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներ այցելեցին Հայաստանում Beeline-ի գրասենյակ և հանդիպեցին ընկերության Գլխավոր տնօրենին, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագրի նպատակը Հայաստանում գործող ընկերությունների և աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ երիտասարդների գիտելիքների և պատկերացումների ընդլայնումն է:
Beeline-ը համագործակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ՝ աշխատաշուկայի պահանջները ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում ճիշտ ձևակերպելու և կրթական համակարգին ներկայացնելու համար: Երկու կազմակերպությունները միասին այս ծրագրի շրջանակում, առավելապես կենտրոնացել են երիտասարդների կարիերայի պլանավորման վրա:
«Beeline-ի հետ համագործակցության ծրագիրը հատկապես կարևորել է երիտասարդների ներգրավումը տնտեսության կարևոր ճյուղերում՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ճանապարհով: Մասնավորապես հարկ եմ համարում նշել, որ երիտասարդները ՀՀ-ում ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ, կապի և ճարտարագիտության ոլորտների նկատմամբ: Այցելության շրջանակում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Beeline-ի գործունեությանը, կառավարչական և գործառույթների արդյունավետ մեթոդներին», - նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Beeline-ն իր սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է համարում երիտասարդներին ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը։ Վստահ ենք, որ կարող ենք օգնել երիտասարդներին իրենց ներուժը բացահայտել և ճիշտ մասնագիտություն ընտրել՝ հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։ Հուսով եմ, այս այցը և մեր ընկերության հետ ծանոթությունը նույնպես օգտակար կլինի մեր երիտասարդների համար, և կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ և երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից 2018թ-ի դեկտեմբերից սկսած այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–