USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Նոր .հայ դոմենը խթանում է հայոց լեզվի զարգացումը համացանցում. փորձագետ

16.07.2015, 21:29
Հայալեզու նոր .հայ դոմենի ներդրումը, նախևառաջ, խթանում է համացանցում հայոց լեզվի ավելի ակտիվ կիրառումը և զարգացումը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հայաստան ինտերնետ–հանրություն» ՀԿ (ISOC) նախագահի տեղակալ Գրիգոր Սաղիյանը։
Նոր .հայ դոմենը խթանում է հայոց լեզվի զարգացումը համացանցում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայալեզու նոր .հայ դոմենի ներդրումը, նախևառաջ, խթանում է համացանցում հայոց լեզվի ավելի ակտիվ կիրառումը և զարգացումը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հայաստան ինտերնետ–հանրություն» ՀԿ (ISOC) նախագահի տեղակալ Գրիգոր Սաղիյանը։

ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է բարձրագույն մակարդակի .հայ հայալեզու դոմենը (արտասանվում է «hye»)։ ISOC–ի փաստաթղթաբանությունը հաստատել է, որ հարցումը դիտարկելիս պահպանվել են բոլոր պարտադիր ընթացակարգերը։

«Մեր տվյալներով` Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը չի տիրապետում օտար լեզուների, և այժմ նոր դոմենի օգնությամբ, միայն հայերեն տառերի իմացությամբ, մարդիկ կկարողանան օգտվել վեբ–կայքերից»,– նշեց Սաղիյանը։

Նա ավելացրեց, որ նոր դոմենը հնարավորություն է տալիս հավաքել լատինալեզու կայքերի անունները հայկական տառերով, ինչպես նաև գրանցել հայկական սփյուռքում գործող կազմակերպությունների կայքերի հայալեզու անվանումները։

«Համացանցը համագործակցության տարբեր ձևաչափերի ձևավորման գործիք է, և հենց այդ պատճառով հայալեզու դոմենը կարող է հիմք դառնալ համահայկական գործակցության վիրտուալ նոր ցանցի ստեղծման համար»,– կարծում է Սաղիյանը։

Նա ընդգծեց, որ դա նոր հնարավորություն է, որի ապագան առայժմ դժվար է կանխորոշել, այնուամենայնիվ, կարելի է միանշանակ ասել, որ նմանատիպ գործիքը պարզապես անհրաժեշտ է։

.am լատինալեզու դոմենը Հայաստանի պաշտոնական դոմենն է, այն հայտնվել է 1994 թվականի օգոստոսին։ -0-