Դավիթ Յանի Findo որոնողականն iPhone-ի համար առաջին ծրագիրն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանի գործարկած Findo ինտելեկտուալ որոնողական համակարգը, որը հասկանում է մարդկային խոսքը, հատել է 3 մլն դոլար ներդրումների հավաքման փուլը և թողարկել է iPhone-ի համար առաջին ծրագիրը: Որպես ներդնող հանդես է եկել ABBYY-ն, հաղորդում է VC-ն` հղում անելով VentureBeat-ին:
iPhone-ի համար Findo ծրագիրը թույլ է տալիս օգտատերերին սմարթֆոնից ֆայլեր որոնել սոցիալական ցանցերում (Facebook), էլեկտրոնային փոստում և այլ ծառայություններում` Evernote, Dropbox, Google Drive:
Ծրագիրը հասկանում է մարդկային լեզվով արված հարցումները. օրինակ` օգտատերը կարող է ասել. «PDF փաստաթուղթ, որը ես անցած հինգշաբթի ուղարկել եմ Ջոնաթանին», և ծառայությունը կորոնի ֆայլը:
VentureBeat-ի հետ խոսակցության ժամանակ, Յանը նշել է, որ «թե ինտերնետում, թե սարքերում» տեղեկատվության որոնման խնդիրն աճում է: «Մեր գնահատականով, վերջին օրվա ընթացքում էլեկտրոնային փոստում ֆայլի ավելի քան 300 մլն փորձ ձախողվել է», - ասել է նա:
Findo-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Գարի Ֆոուլերի (Gary Fowler) խոսքով, ընկերությունը ցանկանում է նոր սերնդի որոնման գործիք ստեղծել:
«Բոլորս էլ հայտնվել ենք այն իրավիճակում, երբ գիտենք, որ ֆայլը գոյություն ունի, բայց չենք կարողանում գտնել: Օգտատերը սարքերի վրա և ինտերնետում պահում է միջինը ավելի քան կես միլիոն հաղորդագրություն, ֆայլ, ծրագիր, կոնտակտներ», - ասել է նա:
Այժմ ընկերությունն աշխատում է Android համակարգի և այլ հարթակների համար ծառայության հարմարեցման շուրջ: Բացի այդ, Findo-ն նպատակադրված է ստեղծել սեփական բոտը մեսենջերների համար` Telegram, Facebook Messenger, Slack, Skype: Սպասվում է, որ բոտերը կկարողանան տեղեկատվություն և ֆայլեր փնտրել օգտատիրոջ էլեկտրոնային փոստում կամ Dropbox-ում:
Յանը ներկայացրել է Findo-ն 2016 թ.-ի հունվարին: Այդ ժամանակ նա պատմել է, որ ABBYY-ն ներդրել է ծառայության մեջ 1,5 մլն դոլար և նախատեսում է ներդնել ևս 1,4 մլն: Findo-ն նախատեսում է շահույթ ստանալ freemium մոդելի միջոցով. ինքը` ծառայությունը, լինելու է անվճար, իսկ լրացուցիչ հնարավորությունները կարժենան ամսական 5 դոլար:
Յանը հույն ունի, որ Findo-ն կսկսի շահույթ բերել 2,2 մլն օգտատերեր ունենալու ժամանակ, եթե նրանց 2-8 տոկոսը սկսի վճարել ծառայությունից օգտվելու համար: -0-