USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«Cisco systems» ընկերության՝ զարգացման գծով նախագահին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել

11.11.2014, 19:00
Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014թ.–ի մրցանակի դափնեկիր, «Cisco systems» ընկերության՝ զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:
«Cisco systems» ընկերության՝ զարգացման գծով նախագահին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014թ.–ի մրցանակի դափնեկիր, «Cisco systems» ընկերության՝ զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Մարիո Մացցոլայի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Մարիո Մացցոլային շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Հանդիսավոր արարողությունը բացեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. «Պոլիտեխնիկը, լինելով երկրի առաջատար գիտատեխնիկական բուհը, անչափ կարևորում է տեխնիկական կրթության դերը Հայաստանի գիտահեն տնտեսության կառուցման գործում:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիրներին Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց` համաշխարհային ՏՏ ոլորտում  իրենց կատարած բացառիկ ներդրման համար, այլև հնարավորություն ենք ընձեռում բուհի ուսանողներին ու դասախոսական կազմին անձամբ հանդիպելու ՏՏ ոլորտը առաջնորդող համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի հետ եւ քննարկելու այդ ոլորտում իրենց հուզող եւ հետաքրքրող հիմնահարցերը»:

Ինչպես նշում է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «արդեն ավանդույթ է դարձել ՀՀ նախագահի մրցանակակիրներին Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչման շնորհման արարողությունից հետո նրանց կողմից դասախոսության մատուցումը: Այս դասախոսությունները հիանալի հնարավորություն են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների համար ծանոթանալու ոլորտի հիմնարար հայտնագործություններին եւ նորագույն նվաճումներին դրանց իսկ հեղինակներից»:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մարիո Մացցոլան հինգերորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էյփլ քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի երկրորդ դափնեկիրն է: «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է: Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ «Hitachi»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն չորրորդ մրցանակակիրն է:-0-