USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն սկսել է Շիրակի և Լոռու մարզերի մի շարք համայնքների թվայնացումը

09.02.2015, 17:18
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) փետրվարից սկսում է Շիրակի և Լոռու մարզերի մի շարք համայնքների թվայնացումը Հայաստանի մարզերի ավտոմատ հեռախոսակայանների և հեռախոսակապի բաժանորդային գծերի թվայնացման ծրագրի շրջանակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն սկսել է Շիրակի և Լոռու մարզերի մի շարք համայնքների թվայնացումը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) փետրվարից սկսում է Շիրակի և Լոռու մարզերի մի շարք համայնքների թվայնացումը Հայաստանի մարզերի ավտոմատ հեռախոսակայանների և հեռախոսակապի բաժանորդային գծերի թվայնացման ծրագրի շրջանակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Նախորդ տարի «ԱրմենՏել» ՓԲԸ–ն զգալի միջոցներ է ներդրել լարային ենթակառուցվածքում և լրջորեն ընդլայնել է գերարագ լարային ինտերնետի ծառայությունների աշխարհագրությունը։ Մենք կշարունակենք արդիականացնել մեր ցանցը` դրանով իսկ Beeline–ի պարզ և հարմար ծառայությունները դարձնելով ավելի որակյալ և ավելի հասանելի»,– ասաց Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մասնավորապես, 2015 թվականի փետրվարին մեկնարկել են Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի և Վանաձորի Տարոն–2 միկրոշրջանի ֆիքսված ցանցերի և գործող բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները։

Աշխատանքների ավարտից հետո, որոնք ծրագրվում են մինչև այս տարվա մարտի 22–ը, Սառնաղբյուր համայնքի և Տարոն-2 միկրոշրջանի բնակիչների համար հասանելի կդառնա ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակը։

Ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքների ընթացքում կփոխարինվեն սարքավորումները, կանցկացվեն օպտիկամանրաթելային մալուխներ, ինչպես նաև կթարմացվեն գործող բաժանորդային գծերը։

2014 թվականի ընթացքում Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսացանցեր թվայնացվել են, նաև մոնտաժվել է 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետ ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–