Beeline–ը թվայնացրել է Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի ֆիքսված կապը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) թվայնացրել է Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի ֆիքսված կապը, նախօրեին լրագրողներին է հայտնել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ըստ նրա, թվայնացումը թույլ է տալիս ոչ միայն ֆիքսված կապի որակյալ ծառայություններ մատուցել բաժանորդներին, այլ նաև հեռավոր շրջաններում և գյուղերում գերարագ ինտերնետի միացման հնարավորություն է ապահովում։
«Միայն Գանձակ համայնքում մենք արդեն ինտերնետային 30 միացում ենք գրանցել նոր թվայնացված ֆիքսված գծերի միջոցով»,– ասաց Պյատախինը։
Նա նշեց նաև, որ չնայած հայկական մի շարք գյուղերի հեռավորությանն ու դժվարհասանելիությանը` Beeline–ն ակտիվորեն կշարունակի ֆիքսված կապի թվայնացման և գյուղերում լայնաշերտ ինտերնետի ծառայություններին միանալու հնարավորությունների ընդլայնման աշխատանքները։
«ԱրմենՏել» ընկերությունը միայն 2014 թվականի ընթացքում թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսացանցերը։ Ընկերությունը հեռախոսակապի ավելի քան 3500 հանգույց և լայնաշերտ ինտերնետի ավելի քան 1000 նոր հանգույց է միացրել։
«ԱրմենՏել» ընկերությունը նվազեցրել է ֆիքսված կապի սակագները։ Մասնավորապես, անվճար րոպեների փաթեթի օգտագործումից հետո (360 րոպե բազային փաթեթում) Beeline ֆիքսված կապի համարների բոլոր ելքային զանգերը արժեն մեկ րոպեի դիմաց 5 դրամ/րոպե (ներառյալ` ԱԱՀ):
Ընկերության տվյալներով` Հայաստանում Beeline ֆիքսված կապի բաժանորդներն օրական ավելի քան 2 մլն զանգ են կատարում, իսկ լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդները սպառում են ավելի քան 200 ՏԲ ինտերնետ–տրաֆիկ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–