Beeline-ը և Յունիբանկն առաջարկում են մեկ փաթեթով հեռախոսների և բջջային ծառայությունների ապառիկ վաճառք
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) Յունիբանկի հետ համագործակցության շրջանակում առաջարկում է սմարթֆոնների վաճառք նոր պայմաններով, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Հեռախոսները տրամադրվում են կապի ծառայությունների հետ` տարաժամկետ վճարման պայմանով վաճառք, առանց տոկոսների և միջնորդավճարների։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում տարաժամկետ վճարման պայմանով՝ «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկի հետ միասին՝ կախված հեռախոսի տեսակից։
Առաջարկի շրջանակում բաժանորդները չեն վճարելու տոկոսներ և հավելավճարներ, իսկ գործարքը ձևակերպվելու է անմիջպես Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:
«Մենք մշտապես ձգտում ենք հնարավորինս հասանելի և պարզ դարձնել մեր ծառայությունները, և այդ համատեքստում այս առաջարկն ունի իր կարևոր տեղը։ Նախ, այն թույլ է տալիս շատ արագ ձևակերպել ապառիկը Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում, և բացի այդ հաճախորդը միաժամանակ ստանում է բջջային ծառայությունների փաթեթ։ Կարծում եմ, լավ է վճարել ծառայությունների, այլ ոչ թե տոկոսների համար։ Իսկ վճարումների կատարման տարբերակների մեծ ընտրությունը ողջ գործընթացը դարձնում է էլ ավելի հեշտ և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 ՀՀ դրամից, առավելագունը՝ 550 000 ՀՀ դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:
«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «UNIHOLDING GG LIMITED» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–