USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլնավորմանը

10.07.2018, 15:04
Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին:
Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների  կարիերայի պլնավորմանը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է դպրոցականների շրջանում գործարար մտածելակերպի զարգացմանը և կարիերայի պլանավորմանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներին ներկայացվելու են տնտեսության արագ զարգացող ճյուղերը և աշխատաշուկայի պահանջները։ Ծրագրին մասնակցող 9-12-րդ դասարանների աշակերտները ձեռք են բերելու նոր հմտություններ ՏՏ և ինժեներական խնդիրների լուծման համար, այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ստանալու են արտադրությունների և արտադրանքների վերաբերյալ գործնական գիտելիքներ և նույնիսկ սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։

«Երիտասարդների զբաղվածության խնդիրն ամենաարդիականներից մեկն է այսօր Հայաստանում, և, կարծում եմ, ցանկացած աջակցություն այդ հարցում խիստ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, աշխատելով ՏՏ ոլորտում և քաջատեղյակ լինելով այդ շուկայի պահանջներին, մենք մեր պարտքն ենք համարում երիտասարդների ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ը ՀԳՀՄ-ի ակտիվ անդամ կազմակերպություն է և մշտապես աջակցում է երիտասարդների զբաղվածության խթանմանն ու մոտիվացիայի բարձրացմանը՝ մնալու Հայաստանում և զարգացնելու սեփական բիզնեսը կամ կարիերան: Ուզում եմ պարոն Պյատախինին մեր երախտագիտությունը հայտնել արդյունավետ համագործակցության համար։ Ասեմ, որ այս ծրագրի շրջանակում ևս մեկ հնարավորություն է ստեղծվում խթանելու կապը դպրոցների և աշխատաշուկայի միջև», - նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

Նշենք, որ ծրագրի շրջանակում կբարելավվի դպրոցների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագիրը, լրացուցիչ մոդուլներ կմշակվեն, իսկ ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–