USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Beeline-ը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կամփոփեն «Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը

11.09.2017, 18:21
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ 2017 թվականի հուլիսից Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա:
Beeline-ը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կամփոփեն «Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ 2017 թվականի հուլիսից Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա:

Ինչպես հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը, ծրագրի շրջանակում այս տարվա վերջին միջոցառումը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին:

Յուրաքանչյուր շաբաթ օր ընտանիքները մասնակցում են ինտերակտիվ շրջայցի, բացահայտում Գաֆեսճյան քանդակների պարտեզում ներկայացված արվեստագետների աշխատանքներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակները, ծանոթանում օգտագործված նյութերին և կատարման տեխնիկային, որից հետո Կենտրոնի Ստեղծագործական սրահում մասնակիցները տրամադրված նյութերով ստեղծում են իրենց կենդանակերպ քանդակները:

Ծրագրի ավարտին մասնակից ընտանիքները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանն ասաց, որ ծրագրի նպատակն է` ստեղծել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների հետ, թանգարանային ուրախ և ստեղծագործ միջավայրում նորովի ներկայացնել Գաֆեսճյան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշներն երեխաներին և նրանց ծնողներին: «Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց նա։

«Առաջադեմ կրթությունը ենթադրում է նորարար մեթոդներ: Սեփական ձեռքով քանդակների ստեղծումը ու վարպետների գործերին մոտիկից ծանոթությունը միանշանակ խորը և ամուր գիտելիքներ կտա երեխաներին: Վստահ ենք, որ արվեստի հետ շփումն ու ընտանիքի անդամների հետ հետաքրքիր ժամանցը մեր երեխաների կյանքը կդարձնեն ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Ծրագրի հովանավորն է` Beeline-ը Հայաստանում: 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 8 ծրագիր, որին մասնակցել է 45 ընտանիք:

Ընկերությունից հիշեցնում են, որ Beeline-ը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-