USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը

09.04.2019, 16:34
Հայաստանում Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին։
Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն աշակերտների թվային հմտությունների միջոցով առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն: 

Նախագիծն առավել արդյունավետ իրականացնելու համար այն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, և նախագծի մեկնարկի հայտարարմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ 

Ծրագիրը թիրախավորելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան ընդհանուր թվով 150 աշակերտների՝ նրանց դասերից հետո ուսուցանելով այնպիսի թվային հմտություններ՝ կրթական գործընթացն առավել հեշտ ու արդյունավետ կազմակերպելու համար: 

«Մենք որպես ժամանակակից տեխնոլոգիաների հետ անմիջապես կապ ունեցող ընկերություն ցանկանում ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի լինեն բոլորի համար, չէ՞ որ դրանք ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու և բարելավելու համար։ Վստահ եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր դպրոցականները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնել իրենց ուսման և աշխատանքի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը: 

«Ուրախ ենք Beeline-ի հետ մեկնարկել ևս մեկ հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների և թվային հմտությունների գործածությունն ուղղել դպրոց՝ աջակցելու կրթական գործընթացի կազմակերպմանը: Այսօր կարևոր է, որ աշակերտները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործեն ավելի արդյունավետ նպատակով՝ օգտվեն այն հարթակներից ու սովորեն այնպիսի թվային հմտություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն դպրոցում, այլև ինքնազարգացման այլ օղակներում: Սա այն ծրագրերից է, որոնց երկարաժամկետ արդյունքը աշակերտների կրթական գործընթացում շոշափելի փոփոխություն մտցնելն է», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը: 

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–