Beeline-ը աջակցում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացման մասին:
Ինչպես հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը, փառատոնը կանցկացվի հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափում:
Փառատոնի շրջանակում հանդես կգան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի կունենան նաև «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների միջև, համերգային փոքրիկ ծրագրեր սիրված երգահանների մասնակցությամբ և մշակութային միջանկյալ հանդիպումներ:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարևորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը և նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք այսօր հայտարարել «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին աջակցության մասին, որն ինքնադրսևորման և փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն կլինի երիտասարդ հեղինակ-կատարողների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
Նա վստահություն է հայտնել, որ փառատոնը կբացահայտի բազմաթիվ նոր տաղանդավոր երիտասարդների անուններ, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում:
«Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանն իր հերթին նշել է, որ հեղինակային երգի փառատոնները համախմբում են հայ հեղինակ-կատարողներին, կապ են ստեղծում տարբեր սերունդների երգահանների միջև, ծառայում են հրաշալի հարթակ փորձի փոխանակաման համար, ինչպես նաև այս ժանրի սիրահարներին հնարավորություն են տալիս վայելելու հեղինակային երգի տարբեր սերունդների յուրօրինակ կատարումները: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի Ակումբի հետ համատեղ նախաձեռնել է հեղինակային երգի համահայկական «Հուսո Առագաստ 2016» փառատոնը` վերցնելով իր վրա այդ դերը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–