Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը գործարկում են «0-8000-1007» վստահության հեռախոսը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «0-8000-1007» վստահության հեռախոսագծի գործարկման մասին, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«0-8000-1007» կարճ հեռախոսահամարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր ունեն երեխաներին առնչվող հարցեր, խորհրդատվության կամ մասնագիտական աջակցության կարիք։
Նախաձեռնությունը նպատակ ունի նաև արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: Օգնության կարիք ունեցող անձիք կարող են տեղեկատվություն ստանալ դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։
Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` «Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակությունում առկա սոցիալական խնդիրների և դրանց լուծումների վրա:
«Համոզված եմ, որ այս նախաձեռնության շնորհիվ թե´ երեխաները, և թե´ ծնողները կստանան ոչ միայն իրենց հուզող հարցերի պատասխանները, այլ նաև համապատասխան ցուցումներ և խորհրդատվություն», - նշել է նա։
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի խոսքերով` հիմնադրամը շարունակում է իր յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ:
«Մեր աշխատանքում շատ կարևոր է խոցելի ընտանիքներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել գործող ծառայությունների, իրավական ակտերի, օրենքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս նպատակով 0-8000-1007 վստահության հեռախոսահամարը կապահովի երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև ՄԶՀ և այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը, խոցելի ընտանիքներին և երեխաներին», - ասել է նա։
Նշենք, որ «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–