USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց BDA –ի տնօրեն Ամալյա Եղոյանը

24.12.2018, 11:18
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։
Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ հանդիպեց BDA –ի տնօրեն Ամալյա Եղոյանը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ 

StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։ 

Այս հանդիպման խորագիրն էր «Հայկական ստարտափների ներկան և ապագան», բանախոսը՝ Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը, ով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում համակարգել է ՏՏ ոլորտը։ Ամալյա Եղոյանը երկար տարիներ ղեկավարել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Նա մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման ընթացքում խոսվել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությունների, առկա առավելությունների և բացթողումների մասին։ Ամփոփվել է 2018 թ-ը, որը մասնակիցների կողմից գնահատվել է չափազանց հաջող, անդրադարձ է եղել նաև 2019 թ-ի սպասումներին։ 

«ՏՏ ոլորտում 2018-ն իրականում շատ բուռն էր։ Ստարտափ էկոհամակարգի մասին խոսելիս շատ ուրախ եմ նշել, որ այն ոչ միայն Երևանով է սահմանափակվում, այլև մենք զարգացում և առաջընթաց ունենք նաև մարզերում»,- ամփոփելով տարին՝ նշել է Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը 

«Այսօր ամփոփեցինք տարին և խոսեցինք ապագայի սպասելիքների մասին։ Starthub-ը, որպես նախագիծ, նույնպես ամփոփում է տարին և կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մենք դարձանք հայկական ստարտափ էկոհամակարգի նկատելի բաղադրիչներից մեկը։ Starthub-ի առաջնային նպատակը ստարտափների տեղեկատվական աջակցությունն է, ինչ էլ մեծ սիրով անում ենք մեր starthub.am կայքի և Starthub Offline հարթակի միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում Beeline-ին և Starthub-ի թիմին, համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կշարունակենք այս նախագիծը», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։ 

«Beeline-ը ստարտափների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, և այդ շարքում  Starthub-ը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ամփոփ տեղեկատվություն է ապահովում ոլորտի բոլոր մասնակիցների համար՝ թե ստարտափների, թե ներդրողների։ Իսկ այսօրվա նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կարևորագույն հարցերը ոլորտի փորձագետների հետ և մշտապես թարմ ու արդիական խնդիրներ լուսաբանելու հարթակում, որպեսզի հայկական էկոհամակարգը էլ ավելի զարգանա և առողջանա», – նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար նաիրա Նազարյանը։ 

Starthub Armenia ծրագրի ընթացին հետևելու և առաջիկա հանդիպում–քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարելի է այցելել հետևյալ կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–