Beeline–ը մտադիր է նվազեցնել Հայաստանում արժույթների փոխարժեքի փոփոխման ազդեցությունը ռոումինգի. փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline–ը կփորձի նվազեցնել արժույթների փոփոխման ազդեցությունները հայ բաժանորդների ռոումինգի սակագների վրա, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց ԱՊՀ երկրներում Beeline–ի բիզնեսի զարգացման գործադիր փոխնախագահ Անդրեյ Պատոկան։
Նա նշեց, որ ռոումինգային ծառայությունների ինքնարժեքները գրեթե ամբողջությամբ կախված են արտասահմանյան օպերատորների սակագներից, որոնք սպասարկում են բաժանորդներին ռոումինգում, և վճարում են արժույթով։
Ըստ նրա, այդ խնդիրն այժմ արդիական է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար։ Այս կապակցությամբ նա հույս է հայտնել, որ հայկական դրամի փոխարժեքը «այդպես կտրուկ չի իջնի»` ճնշում գործադրելով ռոումինգային ծառայությունների շահութաբերությանը։
Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։ Այսօրվա դրությամբ, դոլարի փոխարժեքը կազմում է 479,05 դրամ` մեկ դոլարի դիմաց։
«Մենք այժմ դիտարկում ենք զանազան տարբերակներ, բայց կփորձենք անել այնպես, որ ազդեցությունը նվազագույն լինի։ Երկար ենք պայքարել, որ ռոումինգի ծառայությունները գնային առումով մատչելի դառնան, և կցանկանայինք պահել այդ ձեռքբերումը, որ արտերկիր մեկնող մեր բաժանորդների համար, ինչպես և այսօր, դա լինի կապի մեջ մնալու ամենաբնական և հասանելի միջոցը»,– ասաց Պատոկան։
Ըստ նրա, սակագների այսօրվա մակարդակը պահելու համար ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում իր օտարերկրացի գործընկերների հետ։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ինքնարժեքն ամբողջությամբ կախված է գործընկերային օպերատորների դոլարային սակագներից, և այդ պատճառով արժույթի տատանումները ստիպում են դիտարկել դրանց օպտիմալացման զանազան տարբերակներ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–