Beeline-ն օգնում է բարձրացնել երեխաների համակարգչային գրագիտությունը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) օգնում է բարձրացնել «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաների համակարգչային գրագիտությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Beeline-ի և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, քանի որ Beeline-ը կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Թվային տեխնոլոգիաները ձևափոխում են կրթությունը, միջավայրը և ուսուցման միջոցները: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ «Նագաշյան մանուկների տան» սաները կկարողանան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորություններն՝ ուսուցման գործընթացը դարձնելով առավել արդյունավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Իր հերթին, «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը շնորհակալություն հայտնեց Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսևորման և կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար:
«Հարկ է նշել, որ տրամադրվող կապը կենտրոնի սաներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել սկայպ-դասընթացներում, որն իրականացվում է օտարերկրյա մասնագետների կողմից: Դասընթացներն իրականացվում են անհատական և խմբային պարապմունքների միջոցով»,– ավելացրել է Միրջանյանը։
Նրա խոսքով` տրամադրվող ինտերնետային կապը նպաստում է, մասնավորապես, այն դեպքերում, երբ հարկավոր է կապ պահպանել սաների ՀՀ-ից դուրս գտնվող ծնողի կամ ազգականի հետ։
Սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատև համագործակցության արդյունքն է նաև արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–