Beeline–ը և Հայաստանի գործատուների միությունը գործարկել են «Աշխատաշուկայում երիտասարդության մրցունակության բարձրացումը» նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline–ը և Հայաստանի գործատուների միությունը հայտարարում են «Աշխատաշուկայում երիտասարդության մրցունակության բարձրացումը» նախագծի համատեղ իրագործման մասին։ Ինչպես հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (Beeline ապրանքանիշ) մամուլի ծառայությունը, ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից. ծրագրի առաջին փուլում շուրջ 350 երիտասարդներ և ուսանողներ Հայաստանի ողջ տարածքից հնարավորություն կստանան մասնակից լինել «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին։ Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ընտրել 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, որոնց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Ծրագրի երրորդ փուլը կլինի արդեն թվով 15-20 հաջողակների համար, ում կաջակցեն հիմնել և վարել սեփական բիզնեսը:
«Մենք կարևորում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման գործընթացում»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ՀԳՀՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, որի շնորհիվ ՀՀ-ում էականորեն կբարելավվի երիտասարդության մրցունակության խնդիրը, կհիմնվեն նոր բիզնեսներ և կձևավորվի երիտասարդ մենեջերների նոր էշելոն: Beeline–ը մշտապես դրսևորում է կորպորատիվ պատասխանատվություն ՀՀ-ում առկա տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք իրականացվում են կոնֆերանսների կազմակերպման, հետազոտությունների իրականացման և թրեյնինգների անցկացման միջոցով», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ծրագրի առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցներն լրացնում են հարցաշարեր, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդների շրջանում առկա հետաքրքրություն ձեռներեցության հանդեպ: Նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ նորարարական բիզնես գաղափարներով և նախաձեռնություններով:
Մասնագիտացված հանձնաժողովը կքննի հարցաշարերը և մրցակցության արդյունքում կընտրվեն լավագույն առաջարկները: «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին կարող են մասնակցել երիտասարդներ մայրաքաղաքի տարբեր բարձր ուսումնական հաստատություններից, քոլեջներից, ավագ դպրոցներից ինչպես նաև ՀՀ մարզերից: Դասընթացների ավարտին երիտասարդներին կտրամադրվի հավաստագրեր:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–