USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների հետ

10.08.2018, 12:14
Beeline-ի վարչական մասնաշենքում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների և մի շարք դասընթացավարների հետ։
Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի վարչական մասնաշենքում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների և մի շարք դասընթացավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև 14-ից 18 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, և նրանց ծնողները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին հնարավորություն տալ մանրամասն ծանոթանալու Summer Business School 2018 մասնակցության պայմաններին, նպատակներին և առավելություններին, ինչպես նաև ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները:

«Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսպիսի կրթական նախաձեռնությունները շատ կարևոր են երիտասարդության մոտ ակտիվ, ձեռնարկատիրական մտածելակերպ ձևավորելու համար։ Մենք միշտ մեծ պատրաստակամությամբ ենք մասնակցում նման ծրագրերին, քանի որ վստահ ենք, որ առաջին հերթին հենց պատշաճ, որակյալ կրթությունը կարող է օգնել է երիտասարդներին իրենց իրենց համար ավելի լավ ապագա ստեղծելու հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենում մինչև օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի։ Նրանց համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ Աղվերանում, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում», – հայտնում են ընկերությունից։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–