USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

26.06.2017, 14:58
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Դասախոսությունը նախատեսված էր ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:

Ընկերության ղեկավարը՝ որպես հրավիրված դասախոս, կարդացել է  «Ռազմավարական որոշումների կայացում» թեմայով դասախոսությունը:

Beeline-ի մամուլի հաղորդագրության համաձայն, նա լսարանին ներկայացրել է ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել և ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։ Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր ավելի քան 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:

«Մեր ուսանողների համար սա ևս մեկ հնարավորություն է լսել ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետներից մեկի՝ Beeline-ի տնօրեն՝ Անդրեյ Պյատախինին: Լաբորատորիան արժևորում է նմանատիպ միջոցառումները, քանի որ ուսանողների համար է ոչ միայն ստեղծվում արդիական գիտելիքի ստացման հնարավորություն, այլ նաև նրանց մոտ ձևավորվում է շնորհալի և հաջողակ մասնագետի կերպարը: Այլ կերպ ասած` նրանք պրակտիկայում ծանոթանում են ճանաչված մասնագետների որակներին, մտածողությանը և վարքային մոդելներին: Հատուկ կարևորում եմ լաբորատորիայի և Beeline-ի միջև համագործակցության այս ձևաչափի շարունակականության ապահովումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները», - նշել է Երևանի պետական հալասարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

«Մեր ժամանակներում թե՛ բիզնեսում և թե՛ ամենօրյա կյանքում ճիշտ և կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է։ Իսկ Beeline-ի նման մեծ ընկերության համար՝ զարգացման գլխավոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս թեմայի ուսումնասիրությունը կօգնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստում անցնող մասնագետներին իրենց ներկա և ապագա գործունեության մեջ։ Ուրախ եմ ևս մեկ անգամ ելույթ ունենալ Երևանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի ուսանողների առջև», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման ծրագրերը off-line և on-line ձևաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների մասնագետներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-