Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար. հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դասախոսության թեման էր` «Beeline-ի բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն»։ Դասախոսությունից հետո հյուրերի համար շրջայց էր կազմակերպվել ընկերությունում։
«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջև նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանն իր հերթին նշեց, որ Առաջնորդության Դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։
«Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ կարևոր ազդեցություն կունենա մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – ասաց նա։
Ընկերությունից նշում են, որ Անդրեյ Պյատախինի դասախոսությունը անցկացվել է Beeline-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել Beeline-ի վարչական գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–